Հարավային Կորեայի Քեյմենի համալսարանի հոգեբանները պարզել են, որ վախենում են երջանիկ լինել այն մարդիկ, որոնք դժբախտ մանկություն են ունեցել, պերֆեկցիոնիստները, միայնակները եւ նրանք, ովքեր հավատում են սեւ մոգությանը եւ անձի կարմային։ Հետազոտությունը հրապարակվել է Motivation and Emotion ամսագրում:

Որոշ մարդիկ կարծում են, որ երջանիկ հույզեր ապրելը կարող է հանգեցնել վատ հետեւանքների, դրա պատճառով նրանք վախենում են երջանկությունից եւ չեն փորձում հասնել դրան: Գիտնականները որոշել են պարզել, թե որ մարդիկ են առավել հակված երջանկության այսպիսի ընկալման։

Հետազոտությանը մասնակցել է 871 մարդ՝ տարբեր երկրներից։ Նրանք բոլորը լրացրել են առցանց հարցաշար, որը ներառել է հարցվողների սովորությունների եւ երջանկության նկատմամբ վերաբերմունքի մասին հարցեր:

«Երջանկության վախն ավելի ուժեղ է եղել երիտասարդների, միայնակների եւ պերֆեկցիոնիստների շրջանում։ Այն նաեւ ավելի հաճախ է հանդիպել այն մարդկանց մոտ, որոնք հավատում են կոլեկտիվ երջանկությանը, սեւ մոգությանը կամ կարմային, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր դժբախտ մանկություն են ապրել»,- նշել են գիտնականները։

Հոգեբանների կարծիքով՝ կարմայի եւ սեւ մոգության հանդեպ հավատը հուշում է, որ որոշ մարդիկ երջանկության բացասական հետեւանքների համար պատասխանատու են համարում գերբնական ուժերին: Պերֆեկցիոնիստական հակումներ ունեցող մարդիկ կարող են չափազանց կենտրոնաած անհաջողություններից խուսափելու վրա, ինչը ստիպում է նրանց ճնշել իրենց դրական զգացմունքները եւ նույնիսկ երջանկությունը դիտարկել որպես խոչընդոտ իրենց նպատակներին հասնելու համար: Երջանկության կոլեկտիվ պատկերացմանը հավատալը (օրինակ՝ այն գաղափարները, որ մարդը չի կարող երջանիկ լինել, եթե նրա ընտանիքը կամ ընկերները երջանիկ չեն) կարող է մարդկանց ստիպել նսեմացնել իրենց երջանկության դրսեւորումները, որպեսզի հաճույք պատճառեն ուրիշներին։