Օրերս Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը սիրիական Լաթակիա ու Քեսաբ քաղաքներ կատարած իր հովվապետական այցի շրջանակներում դասախոսություն է կարդացել Դամասկոսի համալսարանում՝ արձագանքելով երկրի կառավարության պաշտոնյաների, համալսարանի պրոֆեսորների եւ ուսանողների հրավերին։
Արամ Առաջինը կարդացել է «Քրիստոնեա-մահմեդական երկխոսության հարցերն այսօր» թեմայով դասախոսություն։ Նորին սրբության խոսքը բաղկացած էր երեք մասից՝ երկխոսության ժամանակակից տեսություններն ու պրակտիկան քրիստոնեա-մահմեդական փոխհարաբերություններում, միաստվածության հիմքն ու երկու կրոնների տարբերությունը կրոնների, քաղաքականության, մշակույթի, հավատի ու բանականության աստվածաբանական, բարոյական ու սոցիալական մեկնաբանություններում, գլոբալ ընդհանուր հարցերն ու մարտահրավերները, որոնց երկու հավատքներն էլ կարող են պատասխանել սիրո ուղերձի ու փոխադարձ վստահության մեծացման միջոցով։
Իր հերթին, Սիրիայի գլխավոր մուֆտի շեյխ Ահմադ Բադդերեդին Հասունը ներկայացրել է վերոհիշյալ հարցերի շուրջ իսլամի տեսակետը։




























