Հայաստանի ոստիկանությունը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե անգամ Թուրքիան պետական քաղաքականություն վարի Հայաստան թմրանյութեր ներկրելու գործում: Այդ մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը:

«Ոստիկանությունը պատրաստ է միջոցներ հակադրել: Դա միայն ոստիկանության պայքարը չէ, այլ բոլոր շահագրգիռ մարմինների պայքարն է»,- նշեց գնդապետը: Վերջինս նաեւ ասաց, որ Թուրքիայից այժմ էլ քիչ քանակությամբ թմրանյութեր չեն ներկրվում, որոնք հիմնականում ծանր թմրանյութեր են՝ սպիտակ հերոին, կոկաին:

Հունան Պողոսյանը նաեւ նշեց, որ լուրջ պայքար է ընթանալու նաեւ անասնագողության դեմ, որը «մեծ խնդիր է դարձել սահմանամերձ շրջաններում»: