Թերթը զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

«Բանակում ամեն զոհը մեզ համար ողբերգություն է: Անկեղծ եմ ասում, այլ կերպ մտածել չեմ կարող, չէ՞ որ ես էլ երեխաներ ունեմ: Հայրը կորցրել է իր որդուն, ի՞նչ մխիթարանքի խոսք ասեմ նրան, ինչ ասում ենք` չի ընդունվում, նա որդի է կորցրել»,- թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով բանակում արձանագրվող սպանություններին, ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Հարցին, թե բողոքների մեծ մասը վերաբերում է նաեւ նրան, որ իրենց երեխաների դիակների վրա բռնության հետքեր կան, սակայն մահվան եզրակացության մեջ նշված է լինում որպես ինքնասպանություն, նա պատասխանել է. «Ես դատաբժշկական փորձագետ չեմ, ոչ էլ փորձագիտության ղեկավարը: Նա՛ պետք է պատասխանի, թե ինչ է գրել եւ ինչու է գրել: Ես նույնիսկ նրա հեռախոսահամարը չունեմ, ես չգիտեմ, թե նա ով է, որ ասեմ՝ այսպես կամ այնպես գրի: Ինքն է իր գործի պատասխանատուն, եթե տվյալներ ունեք, գնացեք իրեն հարցրեք, թե ինչու է այդպես գրել: Իմ դիրքորոշումն այն է, որ ամեն ինչ լինի պարզ ու ճիշտ, որ յուրաքանչյուր մեղավոր իր պատիժը ստանա»:

Բայց այդ դեպքերը չեն կրկնվի, եթե անպատժելիության մթնոլորտ չլինի բանակում:

Ի՞ նչ անպատժելիություն,ո՞ վ է ասում, թե անպատժելիության մթնոլորտ է տիրում բանակում: Միայն գլխավոր շտաբում մենք 53 անգամ ծառայողական քննություն ենք անցկացրել այս տարի: 53 քննության արդյունքում 50 հրաման է արձակվել նախարարի եւ իմ կողմից: 149 զինվոր, սպա տույժ են ստացել այս տարի,10 հոգի աշխատանքից հեռացվել ու զորացրվել, 27-ը պաշտոնանկ է արվել:

Իսկ ինչո՞ ւ նորից այդ վիճակը, ինչո՞ վ եք բացատրում: Օրինակ,  «Եղնիկներ» զորամասը համարվում է ամենավտանգավոր զորամասը:

Այդպես չէ: «Եղնիկները» մեր լավագույն զորամասերից է եղել: Պաշտպանության բանակում այդ գունդը եղել է ամենալավը: Այս տարվա մեջ այդտեղ երկու դեպք է եղել: Բայց այդ զորամասը մարտունակ է: Եթե ասեմ, որ այդ գնդում ամեն ինչ լավ է, ճիշտ չի լինի, բայց այդքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է: