Թեհրանը կտա իր համաձայնությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ ուրանը արտասահմանում հարստացնելու փաթեթային առաջարկությանը։ Այդ մասին AFP հաղորդմամբ, այսօր՝ հոկտեմբերի 27-ին հայտարարվել է իրանական al-Alam հեռուստաընկերությամբ, որն էլ իր հերթին վկայակոչել է ՄԱԳԱՏԷ-ին մոտ կանգնած աղբյուրին։
Ընդ որում, ինչպես հաղորդում է աղբյուրը, առաջիկա 48 ժամվա ընթացքում Իրանը կներկայացնի իր անձնական առաջարկությունը, որը մի շարք կարեւոր փոփոխություններ կմտցնի ատոմային էներգետիկայի միջազգային ծրագրի մեջ։ Միեւնույն ժամանակ հեռուստաընկերությունը չի հաղորդում, թե կոնկրետ որ կետերին կարող են առընչվել փոփոխությունները, սակայն ընդգծում է դրանց կարեւորությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին, Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է արտասահման հարստացման ուղարկել իր ունեցած ուրանի միայն մի մասը։ Ամեն դեպքում, ինչպես ասել է Մոթաքին, Իրանը շարունակելու է հարստացնել իր ունեցած ուրանը։




























