Մոսվան Կիեւի հետ պատերազմ չի վարում. ներկա բախումն ուկրաինացիների միջոցով Ռուսաստանին դիմակայելու Արեւմուտքի փորձն է։ Այս մասին «Аргументы и факты»-ի հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։

Նրա խոսքով՝ իրադարձություններն Ուկրաինայում  բախում չեն Մոսկվայի եւ Կիեւի միջեւ, դա ՆԱՏՕ-ի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի եւ Անգլիայի դիմակայությունն է Ռուսաստանին»։ «Ուղիղ շփումից վախենալով՝ ՆԱՏՕ-ական հրահանգիչները իրական մահվան են  ուղարկում ուկրաինացի տղաներին»։

«Մենք չենք կռվում Ուկրաինայի դեմ, որովհետեւ հասարակ ուկրաինացիների հանդեպ ատելություն, ըստ էության, լինել չի կարող»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ուկրաինական ավանդույթները մոտ են Ռուսաստանի բնակիչներին, ինչպես եւ ռուս ժողովրդի ժառանգությունն է անբաժանելի ուկրաինացիների մշակույթից։ «Ուշադրություն դարձրեք, Ղրիմում ուկրաիներենը պահպանվում է որպես պետական լեզուներից մեկը։ Շատ քաղաքներում շարունակում են գործել ուկրաինական մշակութային կենտրոններ, ուկրաինական երգ ու պարի համույթներ։ Հեռավոր Արեւելքի հարավում, հաշվի առնելով վերաբնակների մեծ բաժինը դեռեւս Ստոլիպինի ժամանակներից, բնակիչների զգալի մասը հարազատ է համարում ուկրաինացի ժողովրդի մշակույթը»։

«Որքան արագ Ուկրաինայի քաղաքացիները հասկանան, որ Արեւմուտքն իրենց միջոցով պայքարում է Ռուսաստանի դեմ, այնքան ավելի շատ կյանքեր կպահպանվեն։ Շատերն արդեն վաղուց հասկացել են սա, բայց վախենում են հայտարարել այդ մասին՝ վախենալով հաշվեհարդարից։ Արեւմուտքի ծրագրերի մեջ չի մտնում որեւէ մեկի կյանքը պահպանելն ի վնաս սեփական հարստացման եւ այլ հավակնությունների։ Ընդ որում՝ ամերիկացիները, անգլիացիները եւ այլ եվրոպացիներ հաճախ այն պատրանքն են ստեղծում, ասես պաշտպանում են քաղաքակրթությունը բարբարոսությունից»,- նշել է նա։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ «Ուկրաինայի հետ կապված ողջ պատմությունը Վաշինգտոնում էլ մտահղացվել է հենց նրա համար, որպեսզի մշակվի միասնական ժողովրդի սահմանազատման եւ իրար դեմ հանելու տեխնոլոգիան»։