Հարավային Կորեայի հիմնական ընդդիմադիր Միավորված դեմոկրատական կուսակցության ղեկավար Լի Չժե Մյոնը, հարցաքննության գնալով դատախազություն, հայտարարել է, որ մեղադրանքները շինծու են, եւ ներկայիս պահպանողական վարչակազմը ցանկանում է այդ կերպ ազատվել իրենից, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը։
Լի Չժե Մյոնի նկատմամբ հետաքննություն է վարվում կաշառք ստանալու մեղադրանքով։ Դատախազության կարծիքով՝ մինչ ընդդիմության առաջնորդը Սոնամի քաղաքապետն էր (2010-2018թթ.), քաղաքի վարչությունը 2016-2018թթ. 17 մլրդ վոն (13,7 մլն դոլար) է վերցրել՝ որպես կորպորատիվ նվիրատվություններ, իր ֆուտբոլային ակումբի համար, վարչական ծառայությունների դիմաց։ Իբր նվիրատվություններ արած ընկերություններից են Naver կորպորացիան եւ Doosan Engineering & Construction ընկերությունը։
Լի Չժե Մյոնը հերքում է բոլոր մեղադրանքները եւ հավաստիացնում, որ գումարները նվիրատվություններ չեն եղել, այլ վճար գովազդային ծառայությունների համար, որ Սոնամ քաղաքի ֆուտբոլային ակումբի գովազդը թույլ է տվել իջեցնել քաղաքի բնակիչների հարկերը։
Երեքշաբթի ընդդիմության առաջնորդը դատախազություն է ներկայացել հարցաքննության համար եւ հետաքննությունն անվանել է ծուղակ, որը մտածել են ներկայիս պահպանողական վարչակազմն ու դատախազությունն իր դեմ։
Արդեն չորրորդ անգամ է Լի Չժե Մյոնը դատախազությունում հայտնվում տարբեր մեղադրանքներով։
Ոստիկանությունը վերականգնել է նաեւ նրա որդու՝ Լի Դոն Հոյի հետաքննությունը սեքս-ծառայությունների գնման վերաբերյալ, չնայած ավելի վաղ արդեն հանել էր այդ մեղադրանքը։
Զուգահեռ՝ բազմամյա հետաքննություն է վարվում կոռուպցիայի գործով՝ կապված Թեչժանդոն շրջանի զարգացման եւ Սոնամ քաղաքում հարկաբաժինների վաճառքի հետ, որին խառն են Լի Չժե Մյոնի նախկին օգնականները, ընդ որում՝ կարեւոր մի շարք կասկածյալներ ինքնասպանություն են գործել։





























