Թուրքիան 2022թ. նոյեմբերից Ուկրաինա է մատակարարում երկակի նշանակության այսպես կոչված բարելավված զինամթերքներ (DPICM), տեղեկացրել է Foreign Policy պարբերականը՝ հղում կատարելով  ամերիկյան եւ թուրքական աղբյուրներին։

Այդ ամերիկյան զինամթերքները, որոնք արդյունավետ միջոց են համարվում զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի դեմ պայքարում, արտադրվել են Թուրքիայում սառը պատերազմի դարաշրջանում՝ համատեղ արտադրության մասին ԱՄՆ-ի հետ համատեղ համաձայնագրով, նշվել է հաղորդագրությունում։

Կիեւը Վաշինգտոնին բազմիցս խնդրել է իրեն տրամադրել այդ զինամթերքները, բայց մերժում է ստացել՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ օրենսդրությամբ Միացյալ Նահանգներին արգելված է  DPICM արտահանել, գրել է ամսագիրը։

«Այն բանից հետո, երբ  ԱՄՆ-ը Ուկրաինային մերժեց կասետային զինամթերքներ տրամադրել, Թուրքիան միակ երկիրն էր, որտեղից կարելի էր ստանալ դրանք»,- պարբերականը մեջբերել է իր աղբյուրներից մեկին։

Նշվել է, որ սա վկայում է այն մասին, որ Թուրքիան թեեւ «որոշ առումներով սերտ հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ, բայց իսկապես Ուկրաինայի կարեւոր կողմնակիցն է ռազմական առումով»։