Ներկայացնում ենք հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդու՝ Միշա Ազնավուրի հարցազրույցը Ֆրանսիայում «RFI- ռուսական ծառայությանը»։
RFI. Միշա, ինչպե՞ս եք ընկալում Ձեր հորը, եւ օգնե՞լ է արդյոք ազգանունը Ձեր առջեւ դռներ բացելու գործում:
Միշա Ազնավուր. Ես գիտակցում եմ, որ շատերն են նրան սիրում, հիանում նրանով եւ նույնիսկ կուռք դարձնում։ Գուցե մի փոքր բարձր է հնչում, բայց նա կուռք է, նա իր տեղն ունի։ Նա նման չէ ուրիշ դերասանների, ովքեր կան այս աշխարհում։ Նա իր աշխարհն ունի, ընտանիքին նվիրված մարդ է։ Կարծում եմ՝ դրանում են արտահայտվում նրա հայկական արմատները։
Միաժամանակ, նա շատ անհատական է։ Նրա համար առաջին տեղում կարիերան է։ Եթե անգամ նա այդ ամենը մեզ համար է անում, նրա աշխատանքը մի աշխարհ է, որտեղ մենք մուտք չունենք, նա չի սիրում, երբ միջամտում ենք։ Նա ուզում է ամեն ինչ ինքնուրույն անել։ Այն, որ ես Ազնավուր ազգանունն եմ կրում, չէի ասի, թե օգնում է իմ առջեւ դռներ բացվելուն։ Ես իմ անունով չեմ պարծենում, կարծում եմ՝ դա վուլգար է։ Ես անգամ գերադասում եմ չասել մարդկանց, որ Ազնավուրի որդին եմ։
RFI. Իսկ եղե՞լ են պահեր, երբ անունն օգնել է Ձեզ:
Միշա Ազնավուր. Այո, երբ ես եկա Մոսկվա, գնացի Հայաստանի դեսպանատուն, ինձ այնտեղ օգնեցին։ Ահա 4 տարի է՝ Մոսկվայում չեմ եղել, սակայն ուզում եմ այնտեղ վերադառնալ։ Ռուսաստանում ապրելն ինձ շատ բան տվեց։ Այն ժամանակ իմ կյանքում անցումային շրջան էր, երբ ուզում էի նոր ինչ-որ բան փորձել եւ ինքս ինձ ինչ-որ բան ապացուցել։
RFI. Ի՞նչ տպավորություններ եք ստացել Մոսկվայում:
Միշա Ազնավուր. Հայտնվել այնպիսի քաղաքում, ինչպիսին Մոսկվան է, ուր կյանքը շատ բարդ է եւ որտեղ տեսնում ենք, որ շատ մարդիկ նորմալ ապրելու համար տքնում են, օգտակար էր, հատկապես Փարիզում 20 տարի անհոգ կյանքով ապրելուց հետո։ Ռուսական ոգին շատ մոտ է ինձ։ Նույնիսկ որոշ դեպքերում ավելի շատ, քան հայկականը։ Ռուսաստանը լի է հանելուկներով։ Երբ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ես գնում եւ անցնում անտառների միջով, թվում է՝ դա հեքիաթային երկիր է։
RFI. Ինչպե՞ս եք Ձեզ զգում, երգ գնում եք Հայաստան:
Միշա Ազնավուր. Երբ գնում եմ Երեւան, չեմ կարող ասել, թե ինձ տանն եմ զգում։ Դա իմ երկիրը չէ։ Հայաստանը երկիր է, որը դեռ կառուցվում է, այնտեղ շատ բաներում խառնաշփոթ կա։ Իհարկե, Ռուսաստանում եւս նման խնդիր կա, սակայն դրա հետ մեկտեղ ինչ-որ էներգիա կա։ Երեւանում այդ էներգիան չկա։ Մոսկվան կարծես Նյու Յորքը լինի։ Այնտեղ մարդիկ աշխատում են՝ գտնվելով մշտական շարժման մեջ։ Մարդիկ երազում են հաջողակ դառնալ, շատ գումար աշխատել։ Հայաստանում ինչ-որ փակ բան կա:
RFI. Ձեր առաջին գիրքը հրատարակել եք Ռուսաստանում, հետո արդեն Ֆրանսիայում, սակայն Միշա Լեյվ կեղծանվամբ։ Մոսկվայում գիրքն ավելի հայտնի է, քան այստեղ։ Ազգանունն ինչ-որ դեր խաղացե՞լ է:
Միշա Ազնավուր. Իհարկե, ինչ-որ առումով խաղացել է։ Այն ընթերցողները, ովքեր ցանկանում էին իմանալ, իմացել են, որ Միշա Լեյվը Ազնավուրի որդին է։ Սակայն ես կարծում եմ, որ Մոսկվայում գրքի հաջողությունը դրա հետ կապված չէ, ուղղակի այնտեղ փրոմո-ակցիան ավելի լավ արվեց։
RFI. Ձեր հայրն ասե՞լ է Ձեզ՝ ինչով զբաղվեք, կողմնորոշե՞լ է Ձեզ:
Միշա Ազնավուր. Ոչ։ Նա իր աշխարհն ունի։ Նա եսասեր չէ, սակայն, եթե կարելի է այդպես ասել, իր այգին ունի։ Եթե ես եւս ցանկանայի երգել, նա չէր նախանձի եւ արգելի։ Սակայն նրա համար միեւնույն է՝ ինչով եմ ես զբաղվում, կարեւորը, որ ես ինձ լավ զգամ եւ ապահովության մեջ լինեմ։
Ես գրում եմ, ես չեմ երգում։ Դիլետանտի կյանքով եմ ապրում. Եթե ուզում եմ գրել, գրում եմ, եթե ուզում եմ լուսանկարել, լուսանկարում։ Իմ բախտը բերել է ազատության հարցում։ Իմ հայրն աշխատել է 60 տարի եւ վաստակել այն գումարները, որոնք ինձ ազատություն են տվել։ Ես անում եմ այն ամենը, ինչ ցանկանում եմ։
Յուրաքանչյուրի կյանքը յուրովի է դասավորվում։ Օրինակ, Էնրիկե Իգլեսիասը եւս որոշեց նույն կարիերան անել, ինչ որ իր հայրը։ Դա բնավորության գիծ է։ Ես այդ գիծը չունեմ։ Ես իմ աշխարհն ունեմ, եւ ինձ այլ բան պետք չէ։ Ես հավակնություններ ունեմ՝ լինել երջանիկ եւ ինձ լավ զգալ։


























