Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն խառնվում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների գործերին եւ հանրապետության ներքաղաքական կյանքին։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի հարցը։
Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները ճնշում չեն գործադրում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության վրա այս հարցում։
Հովհաննիսյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ներքին գործերին միջամտելու քաղաքականությունից Հայաստանի իշխանությունների հրաժարվելը միանգամայն նորմալ է։
«Այդպես էլ պետք է լինի: Մենք ի սկզբանե այս տրամաբանության մեջ էինք գործում»,- ասաց Հովհաննիսյանը։





























