Ամբողջ աշխարհում նավթի ծովային արդյունահանման համար հորատման սարքերի պահանջարկի աճ է գրանցվել էներգակիրների պահանջարկի աճի, Ուկրաինայի հակամարտության ֆոնին մատակարարումների խափանումների եւ վառելիքի գների պատճառով, որոնք գերազանցում են նախահամավարակային մակարդակը, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Westwood Global Energy Group հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ 2017 թվականի վերջին վարձակալության համար հասանելի մոտ 600 հորատման սարքավորումներից գործի է դրվել միայն 63 տոկոսը, 2022 թվականի դեկտեմբերին այդ ցուցանիշն արդեն հասել է 90 տոկոսի։

Ընկերությունները, ինչպիսիք են Transocean-ը, Valaris-ը, Noble-ը, վարձակալում եւ սպասարկում են հորատման սարքերը: Երկու տարի առաջ նավթային ընկերությունները նրանց օրական 200 հազար դոլարից պակաս են վճարել հորատման նավթահանքերի վարձակալության համար, մեկ տարի առաջ գինը բարձրացել է մինչեւ 300 հազար դոլար, իսկ 2023 թվականի սկզբին գերազանցել է 400 հազար դոլարը։

Ինչպես նշել են նավթարդյունահանող ընկերությունները, վառելիքի գները վերջին շրջանում նվազել են, սակայն նավթի արժեքը դեռեւս զգալիորեն գերազանցում է ինքնարժեքը: Բացի այդ, ծովային նավթի արդյունահանումն ավելի թանկ է, քան ցամաքում հորատումը, ուստի նման նախագծերին ավելի շատ ժամանակ է պետք ինքնաբավության համար: Իսկ եթե արագանա գլոբալ անցումը դեպի «կանաչ» տնտեսություն, նավթի պահանջարկը կարող է նվազել։

Թերթի տվյալներով՝ նավթի ծովային արդյունահանման բումը կարող է օգնել որոշ զարգացող երկրների տնտեսություններին, ներառյալ՝ Գայանան,  որը գտնվում է Հարավային Ամերիկայում: Այս ցուցակի առաջատարներն են ԱՄՆ-ն, Մեքսիկան եւ Նորվեգիան։