Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսեւորումներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, «Լուրերի»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։
Քոչարյանը հայտնել է, որ ինքը երեկ այցելել էր ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում, տեղում ծանոթացել դեպքի մի շարք հանգամանքների։
«Հայտնի է, որ տեղի է ունեցել հրդեհ, ինչի արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ։ Հրդեհի պատճառները խորությամբ ուսումնասիրելու համար ես հանձնարարեցի, որ ուժային կառույցները եւ զինվորական ղեկավարությունը գոնե մեկ օրվա կտրվածքով վերականգնեն ամբողջ պատկերը․ առավոտվանից մինչեւ հրդեհի պահը, եւ դրանից հետո մենք հասկանանք՝ որտեղ եւ ինչ թերացում է եղել, իսկ թերացումներն ակնհայտ են առաջին հայացքից։ Պահպանված չէին ոչ միայն հրդեհային անվտանգության կանոնները, այլ ընդհանրապես անվտանգությանն առնչվող շատ կանոններ եւս՝ հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների, բազմաթիվ խնդիրներ կան»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ քննության արդյունքում միայն կկարողանան հստակ հասկանալ, թե բացթողումների պատճառները որտեղ են։
«Սպան ինչո՞ւ էր փեջ վառում, ո՞ւր էին այն զինվորները, որոնք պետք է նաեւ իրականացնեին այդ գործողությունները։ Երկու հոգի դրսում են եղել հերթապահ, նրանք չեն մահացել․ նրանք շատ կարեւոր վկայություն պետք է հաղորդեն նախաքննական մարմնին։ Փրկվել են նաեւ մի քանի զինվորականներ, որոնք հերթապահների աջակցությամբ կարողացել են ճաղավանդակները բացել եւ դուրս գալ։ Դասակի հրամանատարը հաստատեց, որ բենզին իրոք տարածքում չի եղել։ Ո՞նց են կացարանից 10-15 մետր հեռավորությունում դրված բենզինները հայտնվել կացարանում։ Որպես կպչան միշտ օգտագործվել է դիզվառելիքով համեմված մասը, որը որպես կանոն հրավտանգ չէ։ Բոլորը գիտեն, որ կրակի վրա բենզին չեն լցնում»,- ասել է Քոչարյանը։
Անդրադառնալով կապիտան-զինվորներ փոխհարաբերությունների խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է․ «Դրանք բանակի չլուծված խնդիրներն են, որոնք լուծումներ են պահանջում, դրանց լուծումների պահանջման համար եւ հասարակությունը, եւ ԶՈՒ սպայակազմը պետք է այս խնդիրների մեջ լինեն շատ հետեւողական։ Չի բացառվում, որ բանակում էլի լինեն նման օջախներ, որ հրամանը հրաման, բայց դրա կատարումը դրվում է մի կողմ»։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:
Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։
Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։





























