«Նրանց, ում կասկածում էի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ, առ այսօր շարունակում եմ կասկածել, որովհետեւ ոչինչ չի արվել, որ կասկածները վերանան»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի անվամ պանթեոնում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։ Նա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանի, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ մի շարք ընդդիմադիր գործիչների հետ այցելել էր պանթեոն՝ ծաղկեպսակ դնելու հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։
Շարունակելով իր խոսքը՝ Սարգսյանը, սակայն, չնշեց, թե ում է կասկածում՝ ասելով, թե չի ցանկանում մեղադրանքներ հնչեցնել։
Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձեւը կլինի 27-ի ոճրագործության բացահայտումը։
«Եթե խոսքը վերաբերում է եղբորս՝ Վազգենին, ապա Վազգենին հարգող մարդիկ, լինեն իր կուսակիցները կամ կուսակցության նախագահը, Վազգենի ընկեր Մուշեղ Սաղաթելյանին, Սասուն Միքայելյանին եւ մնացած տղերքին, ովքեր Վազգենի հետ պատերազմ են անցել, սեփական տեսակետը հայտնելու համար բանտ չէին նստացնի։ Վազգենին հարգելու ձեւը դա է, մնացածը կեղտ է ու թատրոն։ Ու ես այս թատրոնին չեմ մասնակցում»,- ասաց Արամ Սարգսյանը։
Լրագրողի հարցին, թե ճի՞շտ է համարում, որ հոկտեմբերի 27-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ճիշտ է համարում այդ կոչը, ավելին՝ «հոկտեմբերի 27-ից հետո առնվազն մեկ ամիս այդ կոչը ճիշտ էր, այլապես չէի ընդունի Քոչարյանի առաջարկությունը վարչապետ լինելու։ Դա այնպիսի իրավիճակ էր, որ բոլորը բոլորին էին պարտական եւ այդ իրավիճակում պետք էր գնալ, տեսնել փորձել, խնդիրը մտցնել դատական ատյան եւ փորձել պարզել, թե ովքեր են մեղավորները։ Դժբախտաբար, դա առ այսօր արված չէ»։
Արամ Սարգսյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին կոչ արեց բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործներին։ «Ամբողջական իշխանություն ունեն։ Այսօր խորհրդարանում ամբողջությամբ իրենք են, Նախագահն իրենցն է եւ իրենց Վազգեն Սարգսյանի ընկերներ են հայտարարում։ Դե թող դնեն, բացահայտե՞ն»։




























