Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն այսօր մինչ խորհրդարանական հայտարարությունների սկիզբը առաջարկեց պատգամավորներին չգրանցվել, քանի որ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի օրն աննպատակահարմար է քաղաքական բանավեճ ծավալելը:

Սակայն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները համաձայն չէին Գալուստ Սահակյանի հետ: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտաարրեց, որ հոկտեմբերի 27-ին նվիրված հայտարարություններով հանդես չգալը նշանակում է դավաճանել այդ ողբերգության զոհերի հիշատակին: Իսկ ՀՅԴաշնակցության խմբակցության ղեկավար Վահան հովհաննիսյանը ազդարարեց, որ, շարժվելով Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ, պետք չէր ընդհանրապես ԱԺ նիստ գումարել: «Կյանքը շարունակվում է»"- նշեց նա՝ տալով պատգամավորների հայտարարությունների մեկնարկը:

Սակայն խորհրդարանական մեծամասնությունն այդպես էլ չգրանցվեց, եւ արդյունքում հայտարարություններով հանդես եկան ընդամենը 4 ընդդիմադիր պատգամավոր:

Հավատարիմ մնալով իր խոսքին՝ Անահիտ Բախշյանն իր ելույթը նվիրեց 1999թ. հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությանը: Նրա խոսքերով, ահաբեկչությունը հանցագործություն էր հայոց պետականության դեմ, եւ դրա հետեւանքները Հայաստանը առ այսօր զգում է: Ըստ Բախշյանի, ահաբեկչությունը հարվածեց Հայաստանի միջազգային հեղինակությանը:

«Հենց դա պատճառ դարձավ, որ այսօր Հայաստանի հետ խոսում են ճնշումների լեզվով՝ ստիպելով ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները: Միեւնույն ժամանակ իշխանությունների եւ խորհրդարանական մեծամասնության դիրքորոշման փոփոխումը այդ հարցում կդառնար ոչ միայն հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի հարգման դրսեւորում, այլեւ կապահովեր Հայաստանի բնականոն զարգացումը»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է խորհրդարանում կատարված ահաբեկչության 10 տարին, որին զոհ գնացին ԱԺ նախագահ կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Ռուբեն Միրոյանն ու Յուրա Բախշյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, նաեւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը եւ Հենրիխ Աբրահամյանը: Այսօր Ազգային Ժողովի այգում բացվեց հոկտեմբերի 27-ի զհոերի հիշատակը հավերժացնող հուշարձան: «Դավիթը հաղթում է Գողիաթին» հուշարձանը, որի հեղինակը ճանաչված քանդակագործ Երվանդ Քոչարն է, մարմնավորում է բարու հաղթանակը չարի նկատմամբ: