ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ: Այս որոշման նախագիծը նաև վերաբերում է ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհները անվտանգության տեխնիկական կանոնակարգերը համապատասխանեցնելուն, մի շարք կարգավորումների որոշակի թարմացումների կարիք կա: Աշխատել ենք ՆԳՆ և այլ գործընկերների հետ այս փաթեթները մշակելիս»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Սանոսյանի խոսքով, այս փոփոխություների նպատակն է խաչմերուկներում խցանումներից խուսափելը, հետիոտների համար անվտանգ դարձնել անցուղիները եւ այլն:
«Մի քանի նոր ճանապարհային նշան ենք առաջարկում ունենալ: Դրանցից մեկը անկյունագծային հետիոտնային անցում նշանն է: Սա այն դեպքերի համար է, որ այն տեղերում, որտեղ ժամում 900 մարդուց ավելի շարժ կա, այդ դեպքում ճիշտ կլինի կարգավորել, որ 4 կողմից մեքենաները կանգնում են եւ հետիոտները ոչ միայն ուղիղ, այլեւ անկյունագծով կարող են անցնել:
Նախագծով նաև էլեկտրամոբիլների լիցքավորման վայրի նշան է ստեղծվել, ինչպես նաև՝ վարորդների համար մի քանի ծառայությունների վայրն հուշող համատեղ ճանապարհանշան: Նախարարի խոսքով, արագընթաց և այլ ճանապարհների խաչմերուկներում, եթե կան անկյունային շինություններ, որոնք փակում են վարորդների տեսադաշտը, տեղադրվելու է անկյունային կանգառ նշանը, որպեսզի վթարներից խուսափեն:
Մեկ այլ փոփոխությամբ, նախատեսվում է, որ եթե խաչմերուկը փակ է եւ մեքենան անգամ կանաչ լույսի տակ մուտք է գործում խաչմերուկ, նա պետք է տուգանվի:





























