NEWS.am-ի զրուցակիցը Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանն է:
Պարոն Հարությունյան, հասարակությունն աննախադեպ բուռն է սկսել արձագանքել զինված ուժերում տեղի ունեցող դժբախտ դեպքերին: Իսկապե՞ս վիճակն այդքան վատ է հայկական բանակում:
Վերջին դեպքերն անհանգստություն պատճառեցին, հասարակական բողոք կա, անհանգստություն կա եւ մտահոգություն կա: Հասարակական սեկտորը փորձում է քայլեր իրականացնել, ուղիներ շոշափել, խնդիրներ վեր հանել, որոնք կարող են նպաստել բանակում տիրող իրավիճակի բարելավմանը: Սա այս համատեքստում պետք է ընկալվի: Ասել, թե իրավիճակը դուրս է եկել վերահոսկողությունից, բացարձակապես չի կարելի, որովհետեւ բանակը կանոնակարգված, կանոնավոր կառույց է, որն իրականացնում է իր գործառույթները, սակայն ունի պրոբլեմ, եւ դա պետք է արձանագրել: Միջանձնային հարաբերությունների ոլորտում կա որոշակի խնդիր, եւ այստեղ զինծառայողների իրավունքները, նրանց արժանապատվությունը ոտնահարվում է երբեմն, եւ դրանք բերում են նաեւ ծանր հետեւանքների: Այս խնդրում բանակը դեռ անելիքներ ունի: Ես կարծում եմ` հասարակությունը պետք է օգնի բանակին, որովհետեւ միջանձնային հարաբերությունների խնդիրը բանակում չի ծագում ամբողջովին, դա նաեւ հասարակական արմատներ ունի, եւ սպան եւ զինվորը, որը հոռի արժեքների կրող է եւ փորձում է կանոնադրական վարքագծին հակառակ վարքագիծ եւ մոտեցումներ իրականացնել բանակում, գալիս են հասարակությունից: Մյուս խնդիրը 18-ից 20 տարեկան երիտասարդների հիմքով բանակը համալրելու եւ բանակ կայացնելու խնդիրն է: Սա ըստ էության, իր հիմքում արդեն իսկ պրոբլեմ ունի, այստեղ ծագում են բազմաթիվ խնդիրներ, եւ կարծում եմ` մեր բանակում այս խնդիրների հաղթահարման ուղիներից մեկն էլ պայմանագրային զինծառայողների եւ ժամկետային զինծառայողների թվի հարաբերակցության փոփոխությունը պետք է լինի հօգուտ առաջինների: Սա նշանակում է սոցիալական շարժառիթների եւ խթանների լուրջ համակարգի առաջարկում երիտասարդներին, որոնք կնախընտրեն պայմանագրային ծառայությունը: Դա իր հերթին հնարավորություն կտա զորակոչն իրականացնելիս ավելի խիստ բժշկական չափանիշներ կիրառել եւ ավելի առողջ երիտասարդների զորակոչել բանակ, ավելի ճիշտ, վատառողջներին չզորակոչել:
Դուք նշեցիք, որ այդ զինվորներն ու սպաները հասարակությունից են գնում բանակ: Մինչդեռ խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների մեծ մասը պնդում է, որ սպանությունների մեղավորները առ այսօր պատժված չեն: Չե՞ք կարծում, որ բանակում կատարվող դեպքերի թիվ մեկ պատճառը անպատժելիության մթնոլորտն է:
Չէի ընդհանրացնի այդպես, թե կա անպատժելիության մթնոլորտ: Մահվան բոլոր դեպքերով քրեական գործեր են հարուցվում, իրականացվում է քննություն, մեղավորներին առաջադրվում են համապատասխան հոդվածներով մեղադրանքներ եւ կայացվում են դատավճիռներ: Այլ խնդիր է, որքանով է որակյալ իրականացվում քննությունը: Ես այստեղ իրավասու կարծիք հայտնել չեմ կարող, որովհետեւ ինքս չեմ իրականացնում այդ քննությունը: Համենայն դեպս, դժգոհություն կա այդ քննության որակից եւ տուժողների մի մասը գտնում է, որ մեղավորները չպատժվեցին ողջ ծավալով, կամ ինչ-ինչ գործերով էլ մեղավորները դուրս մնացին պատասխանատվությունից: Հանցագործության պատժելիությունը կարեւոր սկզբունք է այդ հանցագործությունը կանխելու առումով: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, եւ ես միանում եմ հասարակական պահանջին, որ քննությունը լինի օբյեկտիվ, անաչառ եւ յուրաքանչյուրն ստանա իր արժանի պատիժը, եթե թույլ է տվել հանցագործություն:
Սակայն մենք մի քիչ չափազանցում ենք այս գործոնի նշանակությունը: Ինձ ավելի շատ մտահոգում է, որ չծագի պատժվելու անհրաժեշտություն: Այսինքն դեպքերի կանխման, պրոֆիլակտիկ աշխատանքների ուժեղացման, դաստիարակչական աշխատանքների ուժեղացման, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման խնդիրն է, որ ինձ ավելի մտահոգում է, եւ դա թույլ կտա նվազեցնել հանցագործությունները, եւ պատժի խնդիրը այլեւս այդքան հրատապ եւ անհրաժեշտ չի թվա, որքան թվում է այսօր: Համենայն դեպս, տեսնում ենք, որ այս հարցադրումը շեշտվում է, շատ լուրջ ուշադրություն է սեւեռված խնդրի վրա, դժգոհությունը արմատացած է, մարդիկ համոզված են իրենց արտահայտած կարծիքի մեջ եւ կարծում եմ` սա պետք է լսելի լինի քննչական մարմիններին, դատախազական վերահսկողություն իրականացնող մարմիններին, ի վերջո դատարաններին:
Պարոն Հարությունյան, Դուք նաեւ պաշտպանության նախարարի խորհրդականն եք: Կարո՞ղ եք հավաստիացնել, որ ՊՆ-ն իր մասով անում է ամեն ինչ` կանխելու դժբախտ դեպքերը հայկական բանակում:
Միշտ էլ կան լրացուցիչ քայլեր, որոնք կարելի է անել: Ես կարծում եմ` այսօր պետք է մտածել լրացուցիչ քայլեր ձեռնարկելու մասին: Որովհետեւ այն ինչ արված է առ այսօր, քիչ չէ, բայց իրավիճակը հուշում է, որ պետք է ջանքերը ուժեղացնել, գտնել նոր մեխանիզմներ եւ միջոցներ, զսպել իրավիճակը, մասնավորապես բռնությունների գործադրումները բանակում: Իմ կարծիքով, պետք է սկսել երեւույթի ընկալումից: Բռնությունները, արժանապատվության ոտնահարման դեպքերն այլեւս պետք է ընկալվեն որպես մարտահրավեր` ուղղված բանակին: Այնպես, ինչպես ընկալվում է հակառակորդի հետ դիմակայությունը սահմաններում, առաջին գծում: Բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանին, այլեւ իր ներսում: Կարծում եմ այս ընկալումը վերաբերմունքի փոփոխություն կբերի: Մարդու իրավունքը շատ ավելի կարժեւորվի, քան այսօր գիտակցվում է շարքային զինծառայողների միջավայրում, այնպես էլ առանձին սպաների կողմից: Եւ բնականաբար, պետք է բարձրացնել պատասխանատվությունն ու պահանջկոտությունը սպայակազմի նկատմամբ, որովհետեւ բանակում սպայի օրինակը շատ կարեւոր է:
Նաեւ պետք է հոռի երեւույթների դեմ հակաքարոզչություն լինի բանակում: Առ այսօր քարոզչությունը դրական հենքի վրա է, պոզիտիվ գաղափարներ շոշափող, կարծում եմ, որ ժամանակն է կոնկրետ այս երեւույթի նկատմամբ ավելի ազդու հակաքարոզչություն տարվի, օգտագործվեն տեսաֆիլմեր, դիտողական նյութեր, որոնք կդատապարտեն, կզգուշացնեն, անգամ կծաղրեն այս երեւույթը:
Զրուցեց Արտակ Եղիազարյանը



























