Ռուսաստանի դատախազությունը դատարանին խնդրել է լրագրող Ալեքսանդր Նեւզորովին հեռակա կարգով դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ ՌԴ զինված ուժերի մասին ֆեյքերի տարածման քրեական գործով։ Այս մասին  «Интерфакс»-ին հայտնել են Մոսկվայի Բասմանի դատարանից:

Իր հերթին, Նեւզորովի պաշտպանությունը խնդրել է արդարացման դատավճիռ կայացնել՝ նշելով, որ նա օգտագործել է բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը։

Լրագրողի դատավճիռը կհրապարակվի չորեքշաբթի՝ փետրվարի 1-ին, ժամը 11:00-ին:

Նեւզորովի հետ կապված գործընթացը տեղի է ունենում հեռակա կարգով, քանի որ նա գտնվում է արտերկրում:

Լրագրողին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու համար:

Դատարանը հեռակա կարգով Նեւզորովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազությունը, քննության վարկածով՝ Նեւզորովը՝ «անհամաձայնություն հայտնելով Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության հետ եւ գործելով քաղաքական ատելության շարժառիթներով», Telegram-ի եւ Youtube-ի իր ալիքներում  տեղադրել է հրապարակումներ, որոնք կեղծ տեղեկություններ են պարունակում ռուս զինծառայողների կողմից Մարիուպոլի թիվ 3 քաղաքային հիվանդանոցի ծննդատան ենթադրյալ ոչնչացման մասին։

Հիշեցնենք, որ Նեւզորովը Ռուսաստանում օտարերկրյա գործակալ է ճանաչվել։