Անկախությունն իր հետ բերեց նոր տնտեսակարգ` իր նոր հեռանկարներով, ինչպես եւ նոր մարտահրավերներով, բայց մենք արագ ենք սովորում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` անկախության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:

Սերժ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Ոմանց թվում էր, որ բավական է միայն հայտարարել կապիտալիզմ, եւ մնացածն արդեն կանեն նախաձեռնող մարդիկ: Իրականությունն անշուշտ շատ ավելի դաժան էր, քան մեզ թվում էր, բայց, ինչպես մի առիթով արդեն ասել եմ, մենք արագ ենք սովորում:

Ունենալով շատ համեստ բնական ռեսուրսներ եւ երկու տասնամյակ ապրելով շրջափակման պայմաններում` մենք կարողացանք ստեղծել տնտեսություն, որ կերակրում ու սպառազինում է իր զինվորին, ապահովում իր ուսուցչի արժանապատիվ կենցաղը: Մեր հասարակության մեջ ձեւավորվեցին փոքր, միջին եւ խոշոր գործարարների խավեր: Աստիճանաբար խոշոր գործարարներն ու ընկերությունները սովորում են նաեւ այն ճշմարտությունը, որ, իրենք ի թիվս այլ խնդիրների, ունեն նաեւ սոցիալական պատասխանատվություն հասարակության առջեւ: Ավելին` քայլ առ քայլ մեզանում վերականգնվում են նաեւ բարեգործության ընդհատված ավանդույթները:

Մենք էլի շատ ավանդույթներ վերականգնեցինք եւ նորերն ենք ամրացնում, իսկ սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացումը դառնում ու դառնալու է մշտական գործընթաց: Արժե հիշել եւ երբեք չմոռանալ, որ առանց անկախ Հայաստանի այսօր չէին լինելու ո՛չ խոշոր ընկերությունները, եւ ո՛չ էլ մեծահարուստները: Համենայնդեպս` չէին լինելու Հայաստանում:

Հայտնի է, որ մենք սահմանադրորեն հռչակել ենք սոցիալական պետություն: Նաեւ գաղտնիք չէ, որ այդ սոցիալական պետությունը դեռեւս մնում է նպատակ եւ չի դարձել անքննելի իրականություն: Այս ոլորտում եւ՛ պետությունը, եւ՛ այլ կազմակերպություններ հսկայական գործ են արել եւ անում: Բայց «հսկայական» բառը մեր պարագայում պետք է հասկանալ մեր հնարավորությունների համատեքստում: Մենք պիտի խոստովանենք, որ երկու տասնամյակները մեզ չբավարարեցին այս բնագավառի բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Բայց սա ամենեւին էլ վհատվելու առիթ չէ:

Սոցիալական հարցեր, այդ թվում եւ` սուր, կան նույնիսկ բարեկեցիկ երկրներում, սակայն այդ երկրները կայացած սոցիալական պետություններ են, ինչին մենք դեռեւս չենք հասել: Հասարակության սոցիալական պաշտպանվածությունը ամենաուղղակի կերպով կապված է մեր տնտեսական վիճակի հետ: Առաջինի զարգացումը պայմանավորված է երկրորդի զարգացմամբ:

Բոլոր առկա հիմնախնդիրներով հանդերձ, մենք առաջ ենք գնում: Մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է: Այո, երբեմն մենք տեսնում ենք անհամապատասխանություն տարբեր ոլորտների զարգացման մակարդակների միջեւ: Մենք ընտրել ենք կայուն վերելքի ճանապարհը, եւ բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքով է, որ մեր երկիրը դնելու ենք ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու վրա:

Մեր երկրի առջեւ անցյալում եւ ներկայում ծառացած խոշորագույն փորձությունները շատ հաճախ արտաքին ապակայունացման արդյունք էին: Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տնտեսական շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, պատերազմ հարեւանությամբ, համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամ եւ այլն: Այս եւ բազմաթիվ այլ մարտահրավերներ նախեւառաջ մեր երկրի համար խիստ աննպաստ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների արդյունք էին, որ էլի կարող են կրկնվել:

Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման օրվանից դիմակայել է հիմնականում մարտահրավերների հետեւանքներին: Մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ ներքին տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հոգեւոր մարտահրավերները, անկայունության թափանցող ազդեցությամբ պայմանավորված դժվարությունները, ըստ էության, տարածաշրջանային ապակայունացման բացասական ներգործության հանդեպ մեր պետականության եւ հասարակության խոցելիության հետեւանք էին: Արդյունքում, համաշխարհային եւ տարածաշրջանային յուրաքանչյուր ցնցում մեր երկիրը դուրս է բերել հանդարտության ընդմիջումներից` կանգնեցնելով նոր խնդիրների առջեւ:

Դժվարին պայմաններում դրանց դիմակայելով եւ աստիճանաբար ոտքի կանգնելով, ժողովրդավարության իդեալները որդեգրելով եւ այդ իդեալներին հնարավորինս համահունչ անկախ պետականության կարեւորագույն կառույցները ձեւավորելով` մեր երկիրը ներկա փուլում ջանում է վերացնել իր փորձությունների աղբյուրը՝ տարածաշրջանային եւ համաշխարհային հնարավոր ապակայունացման զգալի բացասական ներգործությունը երկրի տնտեսական, քաղաքական եւ հասարակական կյանքի վրա: Մենք այլ ճանապարհ չունենք: Այլապես պարբերաբար պիտի շարունակենք պայքարել հետեւանքների դեմ, մինչդեռ մեր դժվարությունների ծագման պատճառները շարունակելու են նորանոր մարտահրավերներ ծնել ու դնել մեր ու մեր սերունդների առջեւ:

Այս խնդրի լուծումը հնարավոր է նույնարժեքային համակարգերի ինտեգրվելու ճանապարհով, ամրացնելով նաեւ մեր իսկ ներքին պաշտպանական համակարգերը: Կայացնելով ներքին այնպիսի համակարգ, որտեղ հասարակությունը ձեւավորում է բարօրության եւ պաշտպանվածության մթնոլորտ իր յուրաքանչյուր անդամի համար: Եվ այդ անդամին ձեռք են մեկնում ամենածանր փորձության պահին` անգամ եթե նույն փորձությունը թակում է հենց իրենց դուռը: Այնպիսի համակարգ, որը պահանջում ու ձեւավորում է միջավայր, որտեղ յուրաքանչյուր անհատի բարօրությունն անհնար է առանց բոլոր անհատների բարօրության համար անհրաժեշտ միջավայրի: Համակարգ, որտեղ գործնականում վերաիմաստավորված է ռուս մեծ դասականի միտքը, եւ որտեղ աշխարհի բոլոր բարիքները երեխայի աչքը չոր պահելու համար են:

Մենք, որպես պետություն եւ որպես հասարակություն արդեն կայացել ենք այնքան, որ կարող ենք մեզ թույլ տալ ավելի մեծ ու ավելի կայուն համակարգերի ամրապնդման մասին խոսել: Խոսել ու քայլ առ քայլ իրողություն դարձնել: Համենայն դեպս անցած քսան տարիների ձեռքբերումները մեզ այդ հնարավորությունն այսօր իրապես տալիս են:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ հայոց պետականության հաջորդ տասնամյակները լինելու են առավել արդյունավետ: Այդպիսին են լինելու նաեւ բոլորիս աշխատանքի շնորհիվ, ողջ հայության ջանքերի մեկտեղման շնորհիվ»: