Խոակին Բողոսյանը շարունակում է ուրախացնել արգենտինական «Նյուելզ օլդ բոյսի» երկրպագուներին եւ կաշվե գնդակի հայ երկրպագուներին։ Արգենտինյան հեղինակավոր ակումբներից «Վելես Սարսֆիլդի» հետ հերթական խաղում Բողոսյանը երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը։
Հիշեցնենք, որ նա ծնվել է 1987թ. Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում։ Խոակինն իր պրոֆեսիոնալ մակարդակի ելույթներն սկսել է «Սերո» ակումբում, իսկ 19 տարկանում տեղափոխվել է «Պրոգրեսսո»։ Բողոսյանի աստեղային ժամը եկավ 2008/2009 խաղաշրջանում, երբ նա հաստատվեց «Սերոյի» հիմնական կազմում եւ սկսեց գոլեր խփել։ Նա բոլորին զարմացնում է իր ֆիզիկական տվյալներով, երկրորդ հարկում հրաշալի խաղով եւ աջից ուժեղ հարվածներով։
Այնպես որ, հայ մարզասերներն անհամբեր սպասում են մեր ազգային հավաքականում նրա ելույթին, մանավանդ որ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն արդեն հայտարարել է, որ ֆուտբոլիստը համաձայնություն է տվել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։




























