Սեպտեմբերի 14-16-ին Ստրասբուրգում կայացած Եվրանեսթի առաջին լիագումար նիստում ամփոփիչ զեկույց չի ընդունվել, քանի որ հայկական պատվիրակությունը դեմ է եղել քաղաքական հանձնաժողովում շրջանառության մեջ դրված փաստաթղթի որոշ ձեւակերպումների: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը
«Ընդհանուր առմամբ աշխատանքներն ընթացան, հանձնաժողովներում հարցերը քննարկվեցին, սակայն ընդհանուր համաձայնության չեկանք մեկ-երկու ձեւակերպումների շուրջ, դրա համար ընդհանուր փաստաթուղթ, որպես այդպիսին չի ընդունվել եւ մեր հանձնաժողովների քննարկած հարցերը ոչ մի տեղ չարտացոլվեցին»,- նշեց Սահակյանը` ընդգծելով, որ մեղավորը ադրբեջանական պատվիրակությունն էր, որ իր քմահաճույքները փորձում էր տարբեր ուղղություններով եւ մեթոդներով առաջ տանել, «բայց դե մենք էլ, այսպես ասած, քնած չէինք այնտեղ»:
Ըստ Սահակյանի, «ադրբեջանական պատվիրակությունը ինչպես ամենուր, այնպես էլ Եվրանեսթում փորձում էր ամեն ինչ վերագրել Ղարաբաղին, եւ «Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին» ասացվածքի տրամաբանությամբ քայլեր էր կատարում»:
«Իրենք փաստաթղթում նշել էին տարածքային ամբողջականության սկզբունքը, որ պետք է հարգել: Մենք դեմ էինք այդ ձեւակերպմանը, նշեցինք, որ պետք է նշել կամ միջազգային իրավունքին համապատասխան, կամ թվարկել բոլոր սկզբունքները»,- ասաց Սահակյանը: Պատգամավորը հավելեց, որ Վրաստանն էլ է մասնակցել տեքստի քննարկմանը, քաղաքական հանձնաժողովի համանախագահներից մեկը վրացի էր: «Պարզ է, որ վրացական կողմն էլ իր հետաքրքրութհուններն ուներ եւ դրանից ելնելով կողմ էր: Բայց մենք թույլ չտվեցինք, որ նման ձեւակերպմամբ փաստաթուղթ ընդունվի»:
Համենայն դեպս, Հովհաննես Սահակյանը չի կարծում, որ Եվրանեսթի առաջին նիստը ձախողվեց: «Եվրոնեսթը շարունակում է իր աշխատանքը: Նոր կառույց է, պարզ է, որ կլինեն տարբեր խնդիրներ: «Արեւելյան գործընկերությունը» միայն այդ զեկույցի ընդունմամբ չէ, այնտեղ կան ավելի լուրջ խնդիրներ, եւ շատ ավելի լայն ու ընդգրկուն է Եվրանեսթի գաղափարը, քան առաջին նիստի զեկույցի հարցը»,- նշեց պատգամավորը:




























