Անկախության տոնը պատկանում է բոլորին, բայց առաջին հերթին Հայաստանի քաղաքացուն, ով իր վրա է վերցրել անկախության կնիքն ու պատասխանատվությունը։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման վստահություն հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Հայաստանի 20-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ «մենք վաստակեցինք մեր ճակատագրի համար սեփական պատասխանատվության իրավունքը»։ «Միշտ չէ, որ այդ պատասխանատվությունն իրացնում ենք ըստ արժանվույն, բայց բոլոր դեպքերում այդ հնարավորությունը տրվել է մեզ մի դարաշրջանում երկրորդ անգամ, եւ բոլորս գիտենք, որ երրորդ անգամը երբեւէ չի տրվելու։ Երկրորդ հիմնական ձեռքբերումն անկախության սերունդն է, որն այսօր մտնում է ասպարեզ։ Այդ սերունդը պետք է մեր երկիրն ուղեկցի մեծ, էական ջրբաժան փոփոխությունների։ Նա բերելու է իրապես իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետությանը։ Ինչ վերաբերում է բացթողումներին եւ կորուստներին, դրանք շատ են եղել՝ հոկտեմբերի 27, մարտի 1 եւ այլն։

Բացի այդ, մեր քաղաքացին օտարվել է իր պետությունից, դրա արտացոլանքն արտագաղթն ու հերթական կեղծված ընտրություններն են։ Հայաստանի քաղաքացին մինչեւ հիմա իր ընտրությամբ, վստահության ձայնով իշխանություն չի ձեւավորել»,- նկատեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ անկախության երկրորդ 20-ամյակն ավելի միանշանակ արդյունքներ կունենա։

Հիշեցնենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այդ փաստաթղթով վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականության մասին հանրաքվե: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսը «այո» ասաց Անկախությանը: Երկու օր անց Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: