ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն մասնակցելու է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված, Լոս Անջելեսի հայկական հյուպատոսությունում անցկացվելիք տոնախմբությանը (ավելի վաղ կազմակերպությունը բոյկոտել էր ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպված, Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ տոնական հանդիսավոր ճաշկերույթը): Այս մասին ասված է Կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է asbarez.com կայքից, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանը նշել է, որ նախորդ անգամ հյուպատոսության ճաշկերույթին չմասնակցելու մասին շահարկումներից խուսափելու համար հայտարարում է. «Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսության բնույթը տարբեր ներկայացնող նոր հրավեր-նամակի լույսի ներքո (հյուպատոսարանից նոր ստացած նամակն Անկախության տարեդարձի առթիվ ճաշկերույթի մասին է) ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն անհրաժեշտ համարեց հանդես գալ ճաշկերույթին իր մասնակցության մասին նոր հայտարարությամբ, որում ասվում է.
«Գոհունակությամբ իմացանք, որ վերանայվել է Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակին նվիրված «տոնական հանդիսավոր ճաշկերույթի» բնույթը։ Բարձր ենք գնահատում վերանայման այս նախաձեռնությունը, որը տոնախմբության առանցքը դարձնում է Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի նշումը։ Այս առիթով ճաշկերույթին մեր չմասնակցելու պատճառը վերացված ենք համարում եւ մեկ անգամ եւս ողջունում ենք Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակը ու մեր շնորհավորանքներն են փոխանցում մեր ժողովուրդի բոլոր զավակներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Անկախության գաղափարի հանդեպ մեր ամբողջ հանձնառության եւ Հայաստանի անկախությունը իբրեւ գերագույն արժեք ու նպատակ ունենալու մեր վարքագիծն անքննելի է»:
Հիշեցնենք, որ կոմիտեն ավելի վաղ խիստ գնահատականներով հայտարարություն էր ընդունել` մերժելով կազմակերպության մասնակցությունը լոսանջելեսյան ճաշկերույթին: Այն ժամանակ Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր, որ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ տոնական հանդիսավոր ճաշկերույթը մատուցվելու է «Բեւեռլի Հիլթն» հյուրանոցում՝ ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի։
«Անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը, առավել եւս ի պատիվ իրեն կազմակերպած տոնական հանդիսավոր ճաշկերույթը, ստվեր կգցի անկախության գաղափարին եւ կնսեմացնի մեր ժողովրդի արդարության վերականգնման համար մղած պայքարը»,- նշվել էր հայտարարությունում։




























