Թուրքիան կարողացավ հայ-թուրքական գործընթացը տանել իրեն շահեկան հունով, իսկ հայկական կողմը դա հասկացավ միայն Ցյուրիխում։ Այս մասին հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։

Ըստ նրա, այսօր բացառվում է գործընթացը վերադարձնել այն ուղի, որը ձեռնտու է Հայաստանին։ Միակ քայլը, ըստ նրա, որը կարող է ինչ-որ կերպ բարելավել Հայաստանի վիճակը, դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշման խստացումն է։ Թեւանյանը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ ղարաբաղյան հարցը դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մի մասը։ Ավելի վաղ, ըստ նրա, Անկարան առանձնապես չէր միջամտում Ադրբեջանի հարցերին, քանի որ նա ուներ իր անձնական խնդիրը՝ Հայոց ցեղասպանությունը։ Թեւանյանի կարծիքով, Հայաստանի նախագահի «ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ, Ցեղասպանության հարցը այլեւս չի հուզում թուրքերին։ «Նրանք կարողացան Հայոց ցեղասպանության նշաձողը իջեցնել մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կետի։ Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Անկարան հասցրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մակարդակի, որն անհապաղ լուծում է պահանջում»։