Անհայտ մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին, Լենինգրադյան փողոցում բախվել է «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21112»-ը վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Նույն վթարի կապակցությամբ, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն ավելի մանրամասն տեղեկատվություն է հաղորդում:
Ըստ այդմ, նշվում է, որ սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցում` «Եվրոպա» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկով) և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 21010» մակնիշի 18 ՍԼ 053 համարանիշի եւ «ԶԻԼ» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենաները («ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան տեղում չի գտնվել): Վթարի հետեւանքով, «ՎԱԶ 21010» ավտոմեքենայի վարորդ, Երեւան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Վաղինակ Բադալյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին: Վ.Բադալյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:


























