Իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը մղվել է երկրորդ պլան եւ ակնհայտ է, որ չի կարող ծառայել որպես երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման միջոց։ Այսօր` սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով, իշխանությունների ներկայիս պահվածքը ցույց է տալիս, որ նրանք կատարել են բոլոր զիջումները եւ չի կարծում, թե նոր զիջումների գնան։ «Դժվար թե իշխանությունները սթափվեն և գնան նոր զիջումների, իշխանության կողմից նոր զիջումներ չեն լինի, քանի դեռ ժողովուրդն իր ճնշումներով նրան չի մղի նման գործողությունների։ Իսկ ժողովրդին այլ բան չի մնում, քան ընդվզել»,- նկատեց նա՝ հավելելով, որ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու համար շատ քիչ ժամանակ է մնացել։ 

Ամփոփելով՝ Զուրաբյանն անդրադարձավ անկախության 20-ամյակի տարեդարձի կապակցությամբ Ազգային ժողովում այսօր կայանալիք ընդունելությանը. նրա խոսքով, ՀԱԿ ներկայացուցիչներ այսօր այնտեղ չեն լինի։  «Ավազակապետերի հետ ի՞նչ խրախճանքի կարելի է մասնակցել, ավազակապետերի հետ կարելի է բանակցել միայն երկիրն իրենց իսկ լծից ազատելու շուրջ»,- ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ չեն մասնակցի նաեւ տոնական  զորահանդեսին, եւ դրան ներկա կլինեին, եթե այն ընդուներ անձամբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նշենք, որ երխոսությունը ՀԱԿ-ի կողմից առկախվել էր դեռ օգոստոսին։ Կառույցը հայտարարել էր, որ այն կվերսկսի միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատարձակումից հետո (ՀԱԿ-ը նրան քաղբանտարկյալ է համարում)։Նշենք նաեւ, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։