ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ՄԳՌԽ փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը «Донской Казак» թելեգրամյան ալիքում վերլուծել է Արցախի պետական նախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատումը։
- Ռուբեն Վարդանյանն այլեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար չէ։ Որոշումը հրապարակել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պետնախարարի պաշտոնն առաջարկվել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։ Վարդանյանն այդ պաշտոնում աշխատել է շուրջ հինգ ամիս։ Ինչպե՞ս գնահատել այս իրադարձությունը: Ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել։
- Նախ, կուզենայի խուսափել որեւէ դավադիր վարկածի հրապարակումից։ Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի միջեւ հակասությունները համակարգային կերպով դրվել են Ստեփանակերտում նոր պետնախարարի հայտնվելու առաջին օրվանից։ Ֆիգուրների մասշտաբները չափազանց տարբեր են: Եվ հարցն այն չէ, որ մեկը լավն է կամ մյուսը՝ վատը։ Նրանք ուղղակի տարբեր կերպ են ընկալում քաղաքականությունն ու քաղաքական պայքարը։ Այստեղ հիմնական պատճառն այն է, որ նրանց տանդեմը չստացվեց։
- Չճանաչված հանրապետությունում ակնհայտ է կառավարման լուրջ ճգնաժամը։ 2022 թվականի նոյեմբերի 23 - ին հրաժարական տվեցին ԼՂՀ ինը նախարարներ, իսկ 2023 թվականի հունվարին՝ Անվտանգության խորհրդի ամենափորձառու քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Հանրապետության կարգավիճակը թելից է կախված, Ադրբեջանի ճնշումն աճում է, փակ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ զարկերակը։ Մանեւրելու համար չափազանց նեղ է տարածքը: Եվ այն ընդլայնելու բոլոր փորձերը չափազանց վտանգավոր են։ Լավի եւ վատի միջեւ կոնֆլիկտի ժամանակը չէ, այստեղ ընտրությունը սարսափի եւ պարզապես վտանգավորի միջեւ է: Վարդանյանը փորձում էր ինչ-որ իմաստ եւ ռազմավարություն հաղորդել արցախյան քաղաքականությանը։ Նա մտադիր էր շփոթել շատ խաղացողների քարտերը։ Չստացվեց։ Բայց կարո՞ղ էր ստացվել։ Հարցն ամենեւին էլ հռետորական չէ։
- Արդյո՞ք Վարդանյանի հրաժարականը նշանակում է, որ նա դադարում է քաղաքական գործիչ լինելուց։ «Իսկ արդյո՞ք Բորիս Ելցինի կամ Հեյդար Ալիեւի հեռանալը ժամանակին դարձել է նրանց քաղաքական մայրամուտի հոմանիշը»։ Վարդանյանը մի քանի ամսվա ընթացքում հայկական աշխարհում շատ համակիրներ է ստացել՝ եւ՛ հենց Ղարաբաղում, եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում։ Ի՞նչ է նա անելու այդ կապիտալի հետ։ Կարող են լինել բազմաթիվ պատասխաններ: Այստեղ դեր է խաղում նաեւ նրա կամքն ու այլ գործոններ։ Նա պատրաստ է ռիսկի դիմել: Խնդիրն այն է, որ նույն ԼՂՀ-ում ոչ բոլոր հայերն են պատրաստ։ Եվ հակառակը, նրա հակառակորդ Իլհամ Ալիեւը ցույց է տալիս խաղադրույքները բարձրացնելու պատրաստակամություն։
- Իսկ մինչ այդ արձանագրենք․ հետխորհրդային տարածքից խոշոր բիզնեսի ներկայացուցչի հերթական անցումը հետխորհրդային իշխանություն կրկին հաջողությամբ չպսակվեց։ Վարդանյանի դեպքում վաղ է խոսել «պատմության ավարտի» մասին։ Չճանաչված հանրապետության պետնախարարը հնարավոր քաղաքական ընտրանքներից միակը չէ։





























