Հայաստանի անկախության 20-ամյակի եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները Երեւանը կդիմավորի լուսային նոր, ժամանակակից լուծումներով հագեցած հանդերձանքով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի արտաքին եւ գեղարվեստական լուսավորություն ապահովման նպատակով լուսավորվել են պատմաճարտարապետական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը: Մայրաքաղաքի բնակչությանն ու հյուրերին գունային նոր լուծումներով լուսավորությամբ են ներկայանում Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի, Մատենադարանի, ինչպես նաեւ Պարոնյան փողոցի թիվ 1, Գրիգոր Լուսավորիչ թիվ 12, Մաշտոց պողոտայի թթ. 3, 4 հասցեներում գտնվող շենքերը:Լուսավորվել է մայրաքաղաքի 34 արձան:
Ժամանակակից գեղագիտական լուսավորությամբ են զարդարվել նաեւ Հաղթանակի եւ Կիեւյան կամուրջները:Հատուկ լուսավորություն է անցկացվել Հրազդանի կիրճում: Միասնիկյան պողոտայի ժայռային բարձունքի 2 հատվածներ նույնպես լուսավորված են: Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակի լուսավորման համար տեղադրվել է ժամանակակից, էներգախնայող 320 LED գունավոր լուսատու` 19 կվտ/ժամ հազորությամբ: Ռելիեֆային լուսավորությամբ այդ լուսարձակները կարող են ապահովել մինչեւ 16 միլիոն գունային երանգ: Լուսային նոր հանդերձանք է հագել նաեւ Հանրապետության հրապարակը, ուր նախատեսված է անցկացնել տոնական գլխավոր միջոցառումները£ Այստեղ ավելի վառ եւ պայծառ լուսավորություն ապահովելու համար լուսատու 40 սյուները փոխվել են նոր, կրկնակի հզորություն ունեցող լուսարձակներով: Բոլոր աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները:




























