Ավստրալացի գիտնականները բացահայտել են սկանդինավյան առասպելների հաֆգուֆա ծովային հրեշի գաղտնիքը․ պարզվել է, որ հին ժամանակներում կետերին շփոթել են նրա հետ, գրում է The Telegraph-ը։

Հաֆգուֆայի հիշատակումը իսլանդական առասպելներում հանդիպել է մինչեւ XVIII դարը՝ հաճախ կրակենների եւ ջրահարսների նկարագրությունների հետ։ Ինչպես առասպելներում է նշվում, այս հրեշը կարող էր անշարժ սառչել ջրի երեսին՝ լայն բացված բերանով, սպասելով որսին։ Երբեմն նույնիսկ նավերն էին հայտնվում նրա բերանում, իսկ նավաստիները նրա ատամները շփոթում էին ծովի ժայռերի հետ:

Հետազոտողների կարծիքով՝ հաֆգուֆաների մասին հին սագաներում իրականում նկարագրվում է կետի որսի ձեւերից մեկը։

Վերջին տարիներին այս կաթնասուններին նկատել են նման դիրքում՝ ուղղահայաց կանգնած ջրի երեսին, լայն բացած բերանով, սպասելով, որ ձկներն իրենք լողան դեպի ներս։

Ի սկզբանե գիտնականները կարծում էին, որ որսի այս մեթոդը կետերի մոտ հայտնվել է վերջերս, բայց գրականության ուսումնասիրությունը, ներառյալ ծովային հրեշների մասին հնագույն լեգենդները, ստիպել են փոխել այս տեսակետը:

«Ինձ ապշեցրել է, որ հաֆգուֆայի սկանդինավյան նկարագրությունը շատ նման է այն պահվածքին, որը ցույց է տրված տեսանյութում, որտեղ կետերը որսում են նման «թակարդով», բայց սկզբում ես մտածեցի, որ դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է», - ասում է ծովային հնագետ, դոկտոր Ջոն Մաքքարթին: