Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պատմական իրադարձության` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:Քսան տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը դրսեւորեց իր նվիրվածությունն ազատությանն ու անկախությանը` զարգացման եւ կայունության ապահովման երաշխիքներին, եւ միացավ ՄԱԿ-ի անկախ պետությունների ընտանիքին:

Անկախության այս երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը դիմակայել է մի շարք մարտահրավերների: Միեւնույն ժամանակ ես ուրախ եմ արձանագրել, որ երկիրն էական առաջընթաց է ապրել սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ծառայությունների եւ այլ ոլորտներում:Հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետություն, միջազգային հարաբերություններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրավել որպես վստահելի գործընկեր, որն իր ներդրումն ունի մարդկային համընդհանուր զարգացման մարտահրավերներին դիմակայելու գործընթացում եւ, հիմք ընդունելով համաշխարհային լավագույն փորձը, իր նպաստն է բերում տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը:

Մենք` ՄԱԿ-ի համակարգ կազմող ընտանիքը Հայաստանում, մեր ջանքերն ենք ուղղում աջակցելու ազգային զարգացման առաջնայնություններին, մասնավորապես ազգային կարողությունների շարունակական զարգացմանը:ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ իր արդյունավետ համագործակցությունը, ի նպաստ անկախության անմիջական շահառուի` հայ ժողովրդի:Մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն, առողջություն եւ նորանոր հաջողություններ ապագայում»: