ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Դելիում G20-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հանդես է եկել մթերային գործարքի երկարաձգման օգտին, որի գործողության ժամկետն ավարտվում է այս ամիս, հաղորդում է AFP-ը։

«Չափազանց կարեւոր է, որ G20-ը հանդես գա ամենախոցելի մարդկանց պարենային անվտանգության ամրապնդման համար հացահատիկային նախաձեռնության երկարացման եւ ընդլայնման օգտին»,-ասել է Բլինքենը, որի խոսքը մեջբերում է գործակալությունը:

Մթերային (կամ հացահատիկային) գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի եւ պարարտանյութերի արտահանում Սեւ ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով մինչեւ մարտի 18-ը՝ կողմերից որեւէ մեկի առարկության բացակայության դեպքում։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ «նման առարկություններ չեն ստացվել»՝ միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման "Սեւծովյան նախաձեռնության" տեխնիկական երկարաձգումը։