Ֆիլիպինները շաբաթ օրը հայտարարել է, որ նկատել է Չինաստանի ՌԾՈւ-ի մեկ եւ տասնյակ այլ նավեր վիճելի կղզու մոտ, որը Ֆիլիպիններն օկուպացրել է Հարավչինական ծովում՝ այս շրջանում տարածքային լարվածության աճի համատեքստում, տեղեկացրել է Reuters-ը։

Ֆիլիպինների ափային պահպանությունը տեղեկացրել է, որ Տիտու կղզու շրջանում նկատվել է 42 նավ, որոնցում, ենթադրաբար, ծառայում են չինացի աշխարհազորային նավաստիները, իսկ Չինաստանի ՌԾՈւ-ի նավն ու ափային պահպանության նավը, որոնք դանդաղ էին նավարկում, նկատվել են մերձակա ջրերում։

Տիտու կղզին Մանիլայի ամենամեծ եւ ռազմավարական կարեւոր ամրակետն է Հարավչինական ծովում, որին հավակնում է Պեկինը, եւ որի հետ կապված՝ մի քանի երկրներ տարածքային հավակնություններ ունեն։

Նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ Ֆիլիպինները «մի թիզ անգամ չի կորցնի» այդ տարածքից, քանի որ Հարավարեւելյան Ասիան բողոքում է ծովում Չինաստանի «ագրեսիվ քաղաքականության դեմ»։

Տիտուն, որը մտնում է Սպրատլի կղզիների շղթայի մեջ եւ հայտնի է որպես Պագ-ասա, գտնվում է ֆիլիպինյան Պալավան նահանգից 480 կիլոմետր արեւմուտք։ Կղզում ապրում է ավելի քան 400 մարդ, ներառյալ զինվորականները եւ իրավապահ մարմինների աշխատակիցները, Մանիլան կղզին օգտագործում է իր տարածքային հավակնությունների պահպանման համար։

Ֆիլիպինները 77 բողոք է ներկայացրել ծովում Չինաստանի գործողությունների վերաբերյալ, ներառյալ այն հայտարարությունը, որ փետրվարի 6-ին չինական ափային պահպանության նավը «ռազմական դասի լազեր» է ուղղել ափային պահպանության ֆիլիպինյան նավի դեմ, որը մատակարարման առաքելություն էր կատարում։

Չինաստանը հայտարարում է Սպրատլի կղզիների հանդեպ իր ինքնիշխանության մասին, մինչդեռ Բրունեյը, Մալայզիան, Ֆիլիպինները, Թայվանը եւ Վիետնամն իրենց հերթին բոլոր կղզիների կամ դրանց մի մասի հանդեպ իրենց հավակնություններն ունեն։