Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլին եւ նրա հետ քննարկել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ութ տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության խորացման ուղղությամբ: Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն և Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհավորել են անկախության 20-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի պաշտպանության պատասխանատու գործում:




























