ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ, Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում, սեպտեմբերի 19-ին, մեկնարկել է «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Ծրագրի իրականացմանն իրենց գործուն աջակցությունն են բերում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները, Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի ցուցակում ներառված դպրոցները:
Իր ողջյունի խոսքում ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը նշել է, որ այս ծրագիրը նախաձեռնվել է այն հստակ գիտակցումով, որ արդի բարդ եւ փոխկապակցված աշխարհում ապրող երիտասարդները պետք է ոչ միայն լավ իմանան իրենց սեփական պատմությունն ու մշակույթը, այլ նաեւ հնարավորինս ճանաչեն աշխարհը: Այդ համատեքստում բարձր է գնահատվել ծրագրի դերը դեսպանների հետ անմիջական շփման միջոցով այդ երկրների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին եւ արժեքներին ծանոթանալու գործում, ինչը անկասկած նպաստելու է ժողովուրդների միջեւ բարեկամության կամուրջների հաստատմանը եւ խաղաղության ամրապնդմանը:
Միջոցառմանը ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` ներկայացնելով Ռուսաստանը եւ ռուս ժողովրդին, վերջինիս հարուստ մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը եւ զարգացման հեռանկարները, որից հետո պատասխանել հայ դպրոցականներին հուզող բազմաթիվ հարցերի: Ելույթի ավարտին ՌԴ դեսպանը պարգեւատրվել է շնորհակալագրով:


























