Հայաստանի թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերին զայրացրել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը, որով նա կասկածի տակ է դրել 1991-ին Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները: Նա այսօր ասուլիսում նշել է, թե 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների միայն 40 տոկոսը, իսկ բնակչության 60 տոկոսը դեմ է եղել անկախության գաղափարին: «Որեւէ բանական մարդ, ով անմեղսունակ չէ, չի կարող կասկածի տակ դնել անկախության հանրաքվեի արդյունքները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը: 

«Ես անկեղծ ասած չեմ հավատում, որ որեւէ մարդ, ով հիշողության հետ բարդույթներ չունի, կարողանա նման միտք ասել: Չէ որ այդ օրը բոլորը փողոցում էին, եւ բոլորի մոտ տրամադրությունը տոնական էր: Մթնոլորտը անկախություն էր: Ողջ ժողովուրդը ինքնաբուխ գնաց եւ ասաց «այո»: Փորձել կասկածի տակ դնել հանրաքվեի արդյունքները, դա նույնն է, որ կասկածի տակ դնի իր գոյությունը: Ես դեռ չեմ ուզում հավատալ»,- նշեց նա:

Ավելի քան կոշտ էր Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի արձագանքը: «Ահարոն Աբիդեկյանը պարզապես անբարոյականի որդի է, որ նման բան է հայտարարում: Թող գոնե միջազգային դիտորդների գնահատականներն ուսումնասիրեր»,- նշեց Մանուկյանը` սոցիոլոգին որակելով հայերենում հայտնի մի հայհոյանքով, որը հրապարակման ենթակա չէ:  

ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույն խնդրի վերաբերյալ ասաց. «Շատ ուրախալի է, որ Ահարոն Ադիբեկյանը նման բան է ասել, որովհետեւ հիմա պարզ է դառնում, որ նրա բոլոր մնացած թվերն էլ այդ ճշգրտությունն ունեն, ինչպես այս վերջին սուտը, որովհետեւ մենք գիտենք, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը: Այլ հարց, թե հետո ինչ է ստացել այդ անկախությունից, բայց այն ժամանակ թվերը բոլորովին այլ պատկեր էին ներկայացնում: Թե որտեղից է վերցրել Ահարոն Ադիբեկյանը այդ թվերը, ինձ ճիշտ ասած հայտնի չէ»: Նշենք, որ սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, թե  1991թ. անկախության հանրաքվեի նախօրեին Հայաստանի բնակչության 60 տոկոսը դեմ է եղել անկախությանը, իսկ հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների ընդամենը 40 տոկոսը: 

Հիեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ անկախության հանրաքվեին մասնակցել է 2 մլն. 56 հազար 792 մարդ, կամ ընտրողների մոտ 97 տոկոսը: Նրանցից անկախությանն «Այո» է ասել 2 մլն 42 հազար 617-ը կամ 94, 99 տոկոսը, «Ոչ»՝ 10 հազար մարդ: