ԱՄՆ իշխանություններին անհանգստացնում է, որ չինական արտադրության հսկայական ամբարձիչները, որոնք տեղակայված են երկրի ծովային նավահանգիստներում, կարող են Պեկինի կողմից օգտագործվել որպես լրտեսության գործիք, գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։
Թերթի զրուցակիցները չինական ZPMC-ի արտադրած նավահանգստային ամբարձիչները համեմատում են տեսադաշտում թաքնված «տրոյական ձիու» հետ։
«Չնայած պատրաստման համեմատաբար լավ որակին եւ ցածր արժեքին՝ դրանք պարունակում են բարդ հաղորդիչներ, որոնք կարող են գրանցել եւ հետեւել կոնտեյներների ծագմանն ու նշանակության վայրին։ Դա մտավախություն է առաջացնում, որ Չինաստանը կարող է տեղեկություններ հավաքել երկիր ուղարկվող կամ երկրից արտահանվող նյութական միջոցների մասին՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու համար»,-ասվում է WSJ-ի նյութում։
Ըստ ԱՄՆ հակահետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակից Բիլ Էվանինի՝ ամբարձիչները կարող են նաեւ հեռավար հասանելիություն ապահովել նրանց համար, ովքեր ցանկանում են խաթարել ապրանքների հոսքը: «Ամբարձիչները կարող են նոր Huawei դառնալ»,-գրում է թերթը՝ նկատի ունենալով չինական հեռահաղորդակցական կոնցեռնը, որի սարքավորումներն ԱՄՆ իշխանություններն արգելել են ամերիկացիների նկատմամբ լրտեսության մտավախությունների պատճառով:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը WSJ-ին ասել է, որ այդ կապակցությամբ ԱՄՆ մտավախությունը «պայմանավորված է պարանոյայով» եւ Պեկինի հետ առեւտրատնտեսական համագործակցությանը խոչընդոտելու փորձ է:





























