ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը քննադատել է նախագահի ճանաչողական ունակությունների ստուգման նախաձեռնությունը։ 

Նա CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդ գաղափարը ծիծաղելի է։  

Ավելի վաղ 37 հանրապետական սենատորներից բաղկացած խումբը նամակ էր հղել նախագահ Բայդենին՝ կոչ անելով նրան անցնել ճանաչողական թեստավորում: Իր հերթին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու 51-ամյա Նիքի Հեյլին 75 տարեկանից բարձր քաղաքական գործիչներին կոչ է արել մտավոր ունակությունների թեստ անցկացնել։ 

Փետրվարի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցել է ամենամյա բժշկական զննում, որի արդյունքում քաղաքական գործչին բուժող բժիշկ Քեւին Օ'Քոնորը հանրությանը ներկայացրել է եզրակացությունը։ Ներկայացված հաշվետվության մեջ ասվում է, որ Բայդենը էներգիայով լի է եւ պատրաստ է շարունակել կատարել իր պարտականությունները։