Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը, ինչպես նաեւ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներն են քննարկվել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարինե Ղազինյանի, Արման Կիրակոսյանի եւ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի՝ հոկտեմբերի 28-ին կայացած զրույցի ընթացքում:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրին` հայկական կողմը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Փոխնախարար Ղազինյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան — ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Փոխնախարարը կարեւորել է բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը: