Էլ Նինյո բնական երեւույթը, որը հայտնի է իր ջերմացնող էֆեկտով, կարող է առաջիկա ամիսներին փոխարինել հակառակ երեւույթին՝ Լա Նինյային։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը՝ ընդգծելով, որ պարտադիր չէ, որ Էլ Նինյոն ամառային շոգեր բերի։

«Այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, որ ամառը շոգ կլինի»,- նշել է նա՝ բացատրելով, որ դա կախված է մոլորակի կոնկրետ շրջանից, ինչպես նաեւ այլ գործոններից։

ՀՕԿ-ի տվյալներով, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է, Էլ Նինյոն, որը հայտնի է իր ջերմացնող էֆեկտով, կարող է «հայտնվել առաջիկա ամիսներին՝ երեք տարվա անսովոր կայուն եւ երկարատեւ Լա Նինյա երեւույթից հետո, որն ազդել է ջերմաստիճանի եւ տեղումների բնույթի վրա աշխարհի տարբեր մասերում»։ ՀՕԿ-ի փորձագետներն ընդգծել են, որ Էլ Նինյոյին նախորդելու է «չեզոք պայմանների շրջանը մարտ-մայիսին՝ 90 տոկոս հավանականությամբ»։ Ապրիլ-հունիսին այդ հավանականությունը գնահատվում է 60 տոկոս։

«Եթե մենք հիմա մտնենք Էլ Նինյոյի ազդեցության փուլ, դա, հավանաբար, առաջ կբերի գլոբալ ջերմաստիճանի եւս մեկ բռնկում»,- ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Փետերի Թաալասը։ Կազմակերպությունում հիշեցրել են, որ ներկայում 2016 թվականն է համարվում ամենատաքը եղանակի եւ կլիմայի դիտարկումների պատմության ողջ ընթացքում։ Այդ ռեկորդը սահմանվել է «Էլ Նինյոյի եւ կլիմայի փոփոխության համադրման» հետեւանքով։ Գոյություն ունի 93 տոկոսանոց հավանականություն, որ առնվազն մեկ տարի՝ մինչեւ 2026-ը, լինելու է ամենատաքը դիտարկումների պատմության ողջ ընթացքում։

Կազմակերպությունում հիշեցրել են, որ ներկայիս Լա Նինյա երեւույթը շարունակվում է 2020թ. սեպտեմբերից։ Այն կապված է «Խաղաղ օվկիանոսի կենտրոնական եւ արեւելյան հասարակածային մասի ջրերի մակերեսային շերտի լայնամասշտաբ սառեցմամբ՝ անփոփոխ մերձարեւադարձային մթնոլորտային շրջանառման, մասնավորապես՝ քամիների, ճնշման եւ անձրեւների հետ միասին»։