«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դեմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, բայց եթե Հայաստանը վերցնելու է իր վրա նման պատասխանատվություն, ապա նա պետք է նշի Հայաստանի բոլոր համազգային խնդիրները, որոնք չեն կարող սակարկության առարկա դառնալ ընդհանրապես»,- այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարեց ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ-ն պետք է հատուկ հռչակագիր ընդունի, որտեղ հստակ պետք է նշվի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից դուրս չեն գալիս տարածքային պահանջատիության, սահմանների եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անվիճարկելի հարցերը, քանի որ սահմանները ոչ թե Հայաստանի սահմաններն են Թուրքիայի հետ, այլեւ Խորհրդային Միության սահմանները Թուրքիայի հետ։ Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա հայ ժողովուրդը երբեւիցե չի կարող հրաժարվել դրա ճանաչումից։ «Եվրամիությունը առիթ է փնտրում, որ Թուրքիան չդառնա ԵՄ անդամ, իսկ ցեղասպանության խնդիրը լուրջ առիթ է, այդ պատճառով էլ Թուրքիան վախենում է, որ Հայաստանը հանկարծ չի վավերացնի փաստաթուղթը»,-հավաստիացրեց նա՝ կոչ անելով բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հասկանում են, թե այս իրավիճակում տարբեր զարգացումներից անհրաժեշտ է ելք է փնտրել, միանալ իրենց առաջարկին։




























