ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեկնել է Ուկրաինա, որպեսզի Կիեւում հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ասել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը հենց նոր ժամանել է Լեհաստան՝ Ուկրաինա մեկնելու ճանապարհին»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ։

Գուտերեշը Կիեւ կժամանի երեքշաբթի ավելի ուշ, իսկ հետո չորեքշաբթի առավոտյան կհանդիպի Զելենսկու հետ՝ «Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության (հացահատիկի արտահանման սխեման) շարունակությունը՝ բոլոր առումներով, ինչպես նաեւ այլ համապատասխան հարցեր քննարկելու համար»,- ասել է Գուտերեշի մամուլի քարտուղարը։

Չորեքշաբթի օրը Գուտերեշը պետք է լքի Ուկրաինան, իսկ հաջորդ օրը կվերադառնա Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայան։

Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը միջնորդները ՄԱԿ-ը եւ Թուրքիան են, անցած տարվա հուլիսին թույլ է տվել հացահատիկ արտահանել Ուկրաինայի երեք նավահանգիստներից: Համաձայնագիրը երկարաձգվել է նոյեմբերին, եւ ժամկետը լրանում է մարտի 18-ին, եթե երկարաձգման շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերվի։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշղլուն հայտարարել էր, որ Անկարան աշխատում է հացահատիկի գործարքը վերականգնելու ուղղությամբ։

Իր հերթին Ռուսաստանը հայտարարել է, որ կհամաձայնի երկարաձգել հացահատիկի գործարքը միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն սեփական գյուղատնտեսական արտադրողների շահերը: