Մեծ Բրիտանիայում ձյան առատ տեղումներն ու ցածր ջերմաստիճանը հանգեցրել են մի քանի ժամ տեւած խցանումների եւ ճանապարհների փակման, ուրբաթ սպասվում է իրավիճակի վատթարացում Լարիսա փոթորկի պատճառով, հաղորդում է Sky News-ը:
M62 ավտոճանապարհին, որը գտնվում է Լիվերպուլ եւ Քինգսթոն-ափոն-Հալ քաղաքների միջեւ, խցանումը ձգվել է ութ մղոն (մոտ 13 կմ): Որոշ վարորդներ ճանապարհին են մնացել ավելի քան վեց ժամ:
Բացի այդ, Ուելսում մի քանի ճանապարհներ փակվել են վարելու չափազանց բարդ պայմանների պատճառով, իսկ Շոտլանդիայում վարորդներին կոչ են անում զգոն լինել։
Արեւելյան Միդլենդս օդանավակայանը ձյան առատ տեղումների պատճառով փակել է թռիչքուղին: Երկրի մյուս օդանավակայանները շարունակում են աշխատել ըստ ժամանակացույցի, սակայն դրանցից շատերում չեղարկվում կամ հետաձգվում են որոշ չվերթներ։
Որոշ դպրոցներ հայտնել են, որ ուրբաթ օրը չեն աշխատի:
Անցած գիշեր Շոտլանդիայում գրանցվել է 2023 թվականի ամենացածր ջերմաստիճանը, Հյուսիս Շոտլանդական լեռնաշխարհի գյուղում այն նվազել է մինչեւ -16 աստիճան ըստ Ցելսիուսի:



























