ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ են տվել զերծ մնալ գարնանային արձակուրդներին Մեքսիկա մեկնելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Տեխասի հանրային անվտանգության վարչությունը (DPS) ասել է, որ թմրակարտելային բռնությունը լուրջ սպառնալիք է յուրաքանչյուրի համար, ով հատում է Մեքսիկայի սահմանը:
«Թմրակարտելի բռնությունը եւ այլ հանցավոր գործունեությունը զգալի անվտանգության սպառնալիք են Մեքսիկայի սահմանը հատող յուրաքանչյուր անձի համար», - ասել է DPS-ի տնօրեն Սթիվեն Մաքքրոուն․ «Հաշվի առնելով կարտելների անկայուն բնույթը եւ բռնությունը, որը մենք տեսնում ենք այնտեղ, մենք կոչ ենք անում մարդկանց այս պահին խուսափել Մեքսիկա մեկնելուց»:
Չորս ամերիկացիներ առեւանգվել են թմրակարտելի կողմից, եւ նրանցից երկուսը սպանվել են, երբ նրանք այցելել են Մեքսիկայի Մատամորոս քաղաք այս ամսվա սկզբին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է նաեւ մեքսիկացի անցորդ։
Իշխանությունների այս հանձնարարականը հրապարակվել է սահմանը հատած թմրակարտելի անդամների կողմից չորս ամերիկացիների առեւանգումից հետո․ նրանցից երկուսը սպանվել են, երկուսն էլ անվնաս ազատ են արձակվել։
Միջադեպի համար պատասխանատու կարտելը ներողություն է խնդրել եւ իր անդամներին հանձնել ոստիկանությանը։
Կարտելի զինյալներին մեղադրել են «իրենց կամքով եւ առանց կարգապահության» գործելու եւ իբր կարտելի կանոնները խախտելու համար: Այս ամենը գրված է նամակում, որը ստորագրվել է Scorpion Group-ի կողմից:
Մեքսիկայի իշխանությունները կարծում են, որ հանցախմբի անդամները շփոթել են ամերիկացիներին մրցակիցների հետ եւ կրակ բացել նրանց վրա, երբ նրանք փորձել են փախչել։
Այս միջադեպը սպառնում է վտանգել երկու երկրների հարաբերությունները։





























