Ընդդիմադիր «Շարժում ժողովրդի համար»-ի կողմնակիցները Մոլդովայի հյուսիսում փակել են ճանապարհն այն բանից հետո, երբ ուժայինները նրանց իջեցրել են ավտոբուսներից, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ակտիվիստները շարժվում էին Քիշնեւ՝ «Շոր» կուսակցության կողմից կազմակերպված հակակառավարական ցույցին մասնակցելու։ Գլոդենիում ավտոբուսները կանգնեցվել են ոստիկանների կողմից։ Դեպքի վայրում արված տեսագրությունից երեւում է, որ մարդիկ փակել են ճանապարհը եւ պահանջում են, որ ոստիկանությունը չխանգարի իրենց հասնել Քիշնեւ։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Շոր» կուսակցության աղբյուրները, ցուցարարներին մայրաքաղաք պետք է բերեին 14 ավտոբուսներ, սակայն նրանք բոլորը վերադարձել են ավտոտնակներ։

Ընդդիմության զանգվածային ցույցերը Մոլդովայում սկսվել են անցյալ տարվա գարնանը։ Էներգառեսուրսների թանկացման ֆոնին բնակչության շրջանում ավելացել են կոմունալ ծառայությունների պարտքերը։ Ցուցարարները կոչ են անում կառավարությանը վճարել ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի ձմեռային վճարները եւ կոչ են անում հրաժարական տալ։ Նախագահ Մայա Սանդուն, իր հերթին, ընդդիմությանը, այդ թվում՝ «Շոր» կուսակցությանը մեղադրել է սահմանադրական կարգը փոխելու պատրաստության համար։ Նա հանդես է եկել Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության եւ այլ իրավապահ մարմինների լիազորությունների ընդլայնման օգտին. Սանդուի կարծիքով, դա պետք է կանխի երկրում իրավիճակի ապակայունացումը: «Շոր» կուսակցությունը հերքում է մեղադրանքները եւ ընդգծում, որ իրենց գործողություններն ընթանում են խաղաղ պայմաններում։