Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի նոր մասնավոր տաքացվող լողավազանն այնքան էներգիա է ծախսում, որ տեղական էլեկտրացանցը պետք է արդիականացվի դրա կարիքները բավարարելու համար, հայտնում է The Guardian-ը:
Մինչ շատ բրիտանացիներ բախվում են էլեկտրաէներգիայի վճարների աճին եւ փորձում են սահմանափակել դրանց սպառումը, վերջերս Հյուսիսային Յորքշիրի հեռավոր մասում տեղադրվեց լրացուցիչ սարքավորում՝ տարածքում գտնվող վարչապետին պատկանող տան համար Ազգային Ցանցից լրացուցիչ էլեկտրաէներգիա ապահովելու նպատակով:
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սունակը ջեռուցվող լողավազան է կառուցել, մարզասրահ եւ թենիսի կորտ այն կալվածքում, որտեղ նա բնակվում է հանգստյան օրերին: Ինժեներները ստիպված են եղել զգալի քանակությամբ սարքավորումներ տեղադրել եւ նոր միացում տալ բաց դաշտերով անցնող ազգային էլեկտրացանցին:
Մեծ Բրիտանիայի վարչապետն անձամբ կվճարի էլեկտրացանցերի արդիականացման ծախսերը, որոնք, ըստ հաշվարկների, ավելի քան մի քանի տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգ են կազմում՝ ի լրումն լողավազանի ընթացիկ էլեկտրաէներգիայի ծախսերի:
Սունակի մասնավոր 12 մետրանոց լողավազանի կառուցումն ավարտվել է այն ժամանակ, երբ շատ քաղաքային բաղնիքներ, այդ թվում՝ նրա տարածքում, ստիպված են եղել կրճատել աշխատանքի ժամերը՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով: Այս շաբաթ Համայնքների պալատի մշակույթի հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել լրացուցիչ օգնություն տրամադրել լողավազաններին, քանի որ 350 լողավազաններ փակվել են կամ կրճատել աշխատանքի ժամերը՝ կապված էներգիայի ծախսերի հետ, նշում է հրատարակությունը։





























