Քանի դեռ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունն իշխանությունում է, թույլ չի տա, որ երկրորդ ճակատ բացվի Վրաստանի տարածքում, ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։
«Ես գիտեմ, որ Ուկրաինայից մի քանի տասնյակ մարդիկ են եկել։ Ես ուզում եմ դիմել նրանց. պատրանքներ չտածեք եւ ակնկալիքներ չփայփայեք, որ այստեղ ինչ-որ բան կպատահի»,- ասել է նա։ Ղարիբաշվիլու խոսքով՝ նա Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցող մարդկանց ցանկանում է, որ վերադառնան իրենց տները, բայց կոչ է անում նրանց «չտրվել կեղտոտ սադրանքներին»։
Ինչպես հայտարարել է վարչապետը, «երկրորդ ճակատ» հասկացությունը Վրաստանի համատեքստում առաջին անգամ հիշատակել են ուկրաինացի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ Ազգային անվտանգության եւ պաշտպանության ծառայության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Վարչապետը նաեւ կշտամբել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որ նա աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ (ըստ որի՝ ոչ առեւտրային իրավաբանական անձինք եւ ԶԼՄ-ները Վրաստանում պետք է ստանային օտարերկրյա գործակալների կարգավիճակ, եթե նրանց եկամուտների 20 տոկոսից ավելին ստացվում էր արտասահմանից) ակցիայի մասնակիցներին։ Ղարիբաշվիլու կարծիքով՝ Զելենսկու աջակցությունը, որը Վրաստանին ցանկացել էր «դեմոկրատական հաջողություն», վկայում է, որ նա « մոտիվացված է, որպեսզի այստեղ ինչ-որ բան պատահի եւ փոխվի»։





























