Օրերս լրացավ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Սոս Սարգսյանի 80-ամյակը: Հոբելյարի հետ իր ստեղծագործական ուղու, իրականացած ու չիրականացած երազանքերի, սերնդակիցների, երիտասարդ դերասանների ու մի շարք հարցերի շուրջ զրուցել է NEWS.am-ի թղթակիցը:
Պարոն Սարգսյան, մեծ դերասաննե՞րն էլ են դժվարությամբ հաղթահարում տարիքը:
Անկեղծ ասած տարիքս չեմ զգում, բայց երբ որ տեղը գալիս է ու ուժ պիտի գործադրեմ, տեսնում եմ, որ էն չի, բայց զարմանում եմ, որ ես ինձ չեմ զգում 80 տարեկան, երազանքեր ունեմ, անելիքներ ունեմ եւ երբեք հարց չեմ տալիս, թե երբ պիտի իրագործեմ, ինձ թվում է, որ Աստված թույլ կտա իմ բոլոր երազանքները իրականացնել:
Ի՞նչ երազանքեր են, եթե գաղտնիք չէ:
Դե՜, շատ ունեմ, բայց առաջինը, իհարկե, իմ երկրի, ժողովրդի հետ է կապված։ Ես միշտ երազել եմ, որ Հայաստանում բանտերի գլխին սպիտակ դրոշներ պիտի ծածանվեն՝ ի նշան այն բանի, որ հանցագործներ չկան այստեղ: Ինչ լավ կլինի, որ այդ երազանքը կատարվի ու մարդիկ միմյանց նկատմամբ բարեհաճ լինեն, եղբայրավարի:
Ես էլ կարծեցի թե թատրոնի հետ են կապված Ձեր երազանքերը:
Իհարկե, թատրոնի հետ կապված երազանքներ էլ ունեմ: Համազգային թատրոնը իմ ուշադրության կենտրոնում է եւ ես ուզում եմ, որ այն դառնա համաշխարհային թատրոն, հայ արվեստագետը, հայ ստեղծագործողը չպիտի բավարարվի իր շրջապատի, իր երկրի սահմաններով: Հայ մտավորականը, հայ ստեղծագործողը պետք է երազի համաշխարհային նվաճումների մասին: Էդպես էին իմ բոլոր հասակակիցները՝ Խորեն Աբրահամյանը, Ֆրունզ Մկրտչյանը եւ շատերը։ Ճիշտը դա է, արվեստագետը պետք է այդպիսին լինի` խանդոտ, պահանջկոտ:
Պարոն Սարգսյան, երիտասարդ սերնդի մեջ տեսնո՞ւմ եք այնպիսի լեգենդների, ինչպիսին ձեր սերնդակիցներն էին:
Մեծ դերասաններ հիմա աշխարհում քիչ կան, ոչ միայն Հայաստանում, որովհետեւ մարդկությունը գնում է սխալ ճանապարհով, մարդկությունը դեգրադացվում է, ստեղծում է էժան արվեստ: Տեսեք՝ այլեւս չկան այնպիսի անուններ, որոնք օրենսդիր են թատրոնում` Քամյու, Էդուարդո Ֆիլիպո եւ այլն։ Շատերը կային ժամանակին, հիմա չկան: Հիմա ես ամեն բեմադրությունից առաջ փնտրում եմ, պիես չկա, իսկ թատրոնը պիես է, թատերագրություն: Այս պղտոր ալիքը աշխարհով մեկ ծածկել է արվեստը, կինոն, թատրոնը: Համասեռամոլները աշխարհը գրավեցին, տեսեք` ինչ է կատարվում, տղամարդը տղամարդու հետ ամուսանում է եւ պետությունը օրինականացնում է, սրանից ավելի հակաաստվածային, հակաբնական բան հնարավոր չէ: Բայց հասան էդ նպատակին, ես սարսափած նայում եմ` մեր ազգի հետ ինչ կլինի, եթե մենք էլ հետեւենք այդ եվրոպական արժեքներին: Կինը կորցրել է իր խորհրդավորությունը, արդեն անուշներ չկան:
Պիտի ասեմ, որ շատ տաղանդավոր երեխաներ կան, իհարկե, առաջին հերթին իրենցից է կախված: Էդ թափը, էդ մասշտաբների զգացողությունը ունե՞ն իրենք, թե՞ չէ, որ դառնան Ժան Մարե, Ժան Գաբեն, Լեւոնով եւ այլն եւ այլն, մեծեր շատ կան աշխարհում: Հիմնականը իրենցից է կախված, բայց նաեւ պայմաններ են պետք, նաեւ հասարակությունը պետք է մղի առաջ, հայոց հասարակությունը դեռ ձեւավորված չէ, ինքն էլ չգիտի` ինչ է ուզում, որն է նրա իդեալը, որն է այսօրվա հերոսը, չգիտի: Ժամանակին Րաֆֆու հերոսները իդեալ են եղել, նրանց Րաֆֆին ստեղծել է, որովհետեւ ժողովուրդը նրանց պահանջն ունեցել է: Հիմա ի՞նչ է պահանջում հասարակությունը: Տաղանդավոր երիտասարդներ շատ կան, բայց հող է պետք, միջավայր է պետք, օգնող է պետք, որ դուրս գան համաշխարհային ծիր:
Բայց, պարոն Սարգսյան, Դուք եւ ձեր սերնդակիցները ավելի դժվար ժամանակներում չէի՞ք ապրում, որ դարձաք կինոյի, թատրոնի անմար անուններ:
Իհարկե, դժվար էր: Իհարկե, Խորհրդային Միության սահմաններից դուրս անուն հանելը շատ դժվար էր, բայց իմ սերնդակիցները այդ հսկա Խորհրդային Միությունում անուն հանեցին, նկարահանվեցին Մոսֆիլմում, Վրացֆիլմում: Մինչեւ հիմա ես նամակներ եմ ստանում Աբխազիայից, Կամչատկայից, ինձ խնդրում են ինքնագիր ուղարկել: 20 տարի է անցել, բայց մարդիկ հիշում են: Էդ կարողացանք անել: Օրինակ, Խորեն Աբրահամյանը ասում էր` ինձանից մեծ դերասան աշխարհում չի կարող լինել, ես պիտի լինեմ, ես հայտնի պիտի դառնամ, պիտի ստեղծագործեմ, … շատ պահանջկոտ մարդիկ էին:
Պարոն Սարգսյան, մի անգամ ասացիք, որ շատ ամաչկոտ երեխա եք եղել, հապա ինչպե՞ս ստացվեց, որ դերասան դարձաք:
Սոսկալի ամաչկոտ էի, «նոնսենս» է՝ ամաչկոտ մարդը դարձավ դերասան, էդպես ստացվեց, գիտես ինչ, ինչ-որ ի վերուստ մի բան կար, որ ես դարձա դերասան: Ստեփանավանը մի փոքրիկ քաղաք էր, ես էլ 7-8 տարեկան մի երեխա, եւ հանկարծ իմ մտքով անցնում է, որ մեր թաղի երեխաներով թատրոն պիտի խաղանք, ես էլ պիես եմ գրում, բոլորը հավաքվում են, վարագույր ենք սարքում եւ սկսում ենք խաղալ այդ պիեսը։ Ես հիշում եմ, որ պիեսում շատ կային երգի կտորներ, պարում էինք, կռվում էինք, կարծեմ՝ ֆաշիստների դեմ էինք կռվում, էդ ոնց կարող էր լինել, որ մարդ, որ թատրոնում չի եղել, ուղղակի պատկերացնում է, հանկարծ էդպիսի բան է անում, Աստված ինձ հուշել է` գնա էս ճանապարհով: Բազմիցս ուզեցել եմ հեռանալ թատրոնից, բայց չի ստացվել, Աստծո մատը խառն էր, իսկ կինոն…, եթե Հենրիկ Մալյանը չլիներ, ես կինոյում չէի լինի, հավատացեք: Մինչ այդ մի քանի դերերում նկարվել էի, բայց չէի սիրում կինոն։ Մալյանը ինձ ստիպեց, որ ես սիրեմ կինոն, էդ մթնոլորտը սիրեմ, եւ շատ եմ սիրում այդ աշխատանքային պրոցեսը, դրվածքը, զանազան պարտականությունները:
Ինչո՞ւ եք ամենից շատ ողբերգական կերպարներ մարմնավորում:
Բա ո՞վ մարմնավորի (ծիծաղում է` Գ.Գ.)… Էդպես ստացվեց, ճակատագիրը էդպես ուզեց եւ բարդ ռեժիսորները, շատ լավ ռեժիսորները ինձ էին դիմում, ինչ անեմ ես, «Խնձորի այգին», «Ձորի Միրոն» չէի ուզում նկարահանվել, բայց Ժիրայր Ավետիսյանը փողոցում խոսում-խոսում համոզում էր, ես էլ արդեն «Նահապետը» նկարահանվել էի, վերջացրել էի, ասացի՝ չեմ ուզում, որովհետեւ կարծես թե նմանություն կա, բայց այնքան համառ եղավ… Էդ ժանրը թատրոնում էլ եմ խաղացել, Յագո եմ խաղացել, Լիր արքա եմ խաղացել:
Պարոն Սարգսյան, եթե դերասանը ողբերգություն չի ապրում կյանքում, կարողանո՞ւմ է կատարյալ խաղալ այդ կերպարը:
Իսկական դերասանները ամեն ինչ գտնում են իրենց էության մեջ, որովհետեւ մարդն այնքան բազմագույն է, որ յուրաքանչյուր մարդու մեջ էլ կա չարություն, բարություն, ազնվություն, անազնվություն: Կիրթ մարդիկ էդ հատկությունները մի տեսակ իրենց մեջ խլացնում են, օրինակ նախանձը սոսկալի բան է, կիրթ մարդը իր մեջ խլացնում է, ես հիշում եմ, որ դերասաններ կային, ովքեր բացասական դերեր չէին ուզում խաղալ, ես խաղում էի։ Զիմզիմով էի խաղում, հետո պարզում էի, որ էս մարդը կա իմ մեջ, խոսում է, գործում է: Յագո էի խաղում, համաշխարհային գրականության մեջ լավագույն կերպարներից մեկը։ Ինչո՞ւ է լավագույն, որովհետեւ շատ է բարդ, շատ է հետաքրքիր:
Բացասական դերերից դերասանները ինչո՞ւ էին խուսափում:
Հանդիսատեսը տարօրինակ վերաբերմունք ունի, նա սիրում է դրական կերպար, օրինակ Ավետ Ավետիսյանը հանճարեղ դերասան է եւ խաղում էր Զիմզիմով։ Ժողովուրդը չէր սիրում, իր խաղացած կերպարը նմանեցնում էին իրեն, բայց Սունդուկյանի թատրոնում չկար էնքան բարի, ազնիվ մարդ, ինչքան Ավետ Ավետիսյանն էր:
Դուք Ձեր թողած ժառանգությունը ինչպե՞ս կգնահատեք:
Կան չիրականացված բաներ, բայց եթե ապերախտ չլինենք, ես պետք է գոհ լինեմ, որովհետեւ ճակատագիրը ինձ հնարավորություն ընձեռեց բազում լավ դերեր խաղալ։ Գիտեք ինչ կա՝ վերջին հաշվով ես գիտեմ, ով եմ, բայց չեմ ասի դրա մասին, որովհետեւ ես վաղուց մի բան գիտեմ` դերասանի աշխարհքից գնալուց հետո նրա անունը կամ ժողովուրդը մոռանում է կամ նա դառնում է առասպել: Ասենք՝ Ադամյանը մեզ համար առասպել է, Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորենը, Մետաքսյան առասպելներ են: Հիմա ո՜վ գիտի` կարող է ես մեռնեմ ու մի շաբաթ հետո ինձ մոռանան, բայց կարող է Սոս Սարգսյանի լեգենդը մնա, գուշակելը ուժից վեր է:
Ե՞րբ եք վերջին անգամ ֆիլմում նկարահանվել:
Երեք տարի առաջ Մոսկվայում, մի ֆիլմում եմ նկարահանվել:
Իսկ Հայաստանո՞ւմ:
Չէ, վաղուց չեմ նկարահանվել:
Ինչո՞ւ:
Երբեմն առաջարկում են, բայց գիտեք՝ դժվար է , վերջին հաշվով «Նահապետ»-ից հետո ես ի՞նչ խաղամ, որ արժանի լինի իմ այն խաղացած դերերին: Մերժում եմ, որովհետեւ էն խաղացած դերերիս արժանի կերպար պիտի լինի, մանավանդ` մեծացել եմ:
Գայանե Գրիգորյան




























