Չինաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի վարչությունը երեքշաբթի հաստատել է, որ Չինաստանը մտադիր է մարտի 15-ից վերսկսել բոլոր տեսակի վիզաների տրամադրումն օտարերկրյա քաղաքացիներին՝ երկրի տարածք մտնելու համար։ Այս մասին նշվել է գերատեսչության WeChat սոցցանցում տեղադրված հայտարարությունում։
Հաղորդագրությունում նշվել է, որ որոշում է ընդունվել մարտի 15-ի ժամը 00.00-ից (Պեկինի ժամանակով) ճշտումներ մտցնել վիզաների տրամադրման քաղաքականությունում՝ Չինաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքը հեշտացնելու համար։
«Արտասահմանում գտնվող՝ վիզաների տրամադրումն իրականացնող մարմինները կվերսկսեն բոլոր տեսակի վիզաների տրամադրումը Չինաստան մեկնող օտարերկրյա քաղաքացիների համար»,- ասված է փաստաթղթում։
Նշվել է նաեւ, որ մարտի 15-ից կվերականգնվի այն վիզաների ֆունկցիան, որոնք տրվել էին մինչեւ 2020թ. մարտի 28-ը, եւ որոնց ժամկետը դեռ չի ավարտվել։ Բացի այդ, կվերականգնվի սահմանամերձ վիզաների տրամադրումը սահմանամերձ անցակետերի կողմից՝ «որոշակի պայմանների համապատասխանելու դեպքում»։





























