Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին նախազգուշացրել է երկրի վրա ցանկացած հարձակման էլիտար զինված ուժերի վճռական պատասխանի մասին, հաղորդում է Mehr-ը:
«Այսօր հարեւան որոշ երկրներ հնարավորություն են տվել երեխայասպան սիոնիստական ռեժիմին ամրապնդվել տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, նրանք պետք է իմանան, որ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք։ Եթե մեր նավերը բախվեն խնդրի հետ, իրանական խիզախությունն այն անպատասխան չի թողնի»,-ասել է նա։
Իրանի ռազմածովային ուժերը վերջին տարիներին մեծ հաջողությունների են հասել իրենց սարքավորումների արտադրության եւ միջազգային ջրերում եւ բաց ծովում իրենց ներկայության ընդլայնման գործում, նշել է նա:
«Մարտական աջակցության «Շահիդ Մահդավի» նավը հագեցած է թեւավոր հրթիռներով՝ թռիչքի 300-750 կիլոմետր հեռահարությամբ, Sepehr-7 ուղղահայաց արձակման անօդաչու սարքերով՝ 8 ժամ տեւողությամբ եւ թռիչքի 200 կիլոմետր հեռահարությամբ, կամիկաձե անօդաչու սարքերով՝ թռիչքի 1300 կիլոմետր հեռահարությամբ, ինչպես նաեւ կարող է 5 ուղղաթիռ կրել»,-ասել է Թանգսիրին:
ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարը նաեւ նշել է, որ ԻՀՊԿ ՌԾՈւ «Թարեք» դասի մոտորանավակները հագեցած են 180 կմ հեռահարությամբ հրթիռներով։
Ashura եւ Zolfaghar դասի նավակները հագեցած են Kowasr-200 եւ Navab հրթիռներով, նշել է նա։
«Մենք ունենք չկառավարվող նավեր, որոնք հագեցած են արհեստական ինտելեկտով եւ ունակ են այլ չկառավարվող նավեր ուղարկել եւ հարձակում գործել դրանց հետ միասին»,-հավելել է իրանցի փոխծովակալը:
Այդ հայտարարությունից մի քանի օր առաջ օվկիանոսային ռազմանավը մտել է ԻՀՊԿ նավատորմի կազմի մեջ։





























