Հնագետները հուսով են, որ Անգլիայի հյուսիսում վերջերս հայտնաբերված հին հռոմեական արիստոկրատի մնացորդները լույս կսփռեն հռոմեական տիրապետությունից դեպի անգլո-սաքսոնական թագավորություններ տարածաշրջանի անցման վրա, որոնք հաջորդել են մոտ 1600 տարի առաջ, հայտնում է Fox News-ը:

Հայտնաբերված գերեզմանոցը պարունակում է ինչպես ուշ Հռոմեական կայսրության հռոմեացիների մնացորդներ, օրինակ՝ կապարե դագաղ, որում թաղված է արիստոկրատ մի կին, այնպես էլ վաղ սաքսոնական շրջանի մարդկանց մնացորդներ։

«Միեւնույն թաղման վայրն օգտագործող երկու համայնքների առկայությունը շատ անսովոր է, եւ նրանից, թե խաչվել են արդյոք նրանց ուղիները գերեզմանոցն օգտագործելիս, թե ոչ, կախված կլինի, թե որքան կարեւոր է գտածոն,- ասել է Արեւմտյան Յորքշիրի Միավորված ծառայթյան գլխավոր հնագետ Դեւիդ Հանթերը,- Եթե թաղումները միասին են դիտարկվում, դրանք վկայում են Յորքշիրի պատմության դինամիկ ժամանակաշրջանում կյանքի բարդության եւ անկայունության մասին»:

Գերեզմանոցն առաջին անգամ հայտնաբերվել է անցյալ տարվա գարնանը՝ Լիդսի Գարֆորտ քաղաքի մոտակայքում: Վերջին մեկ տարվա ընթացքում դրա գոյությունը գաղտնի է պահվել, որպեսզի հնագետները կարողանան ապահով պեղումներ եւ անհրաժեշտ վերլուծություններ կատարել։

Գերեզմանոցը պարունակում է 60 տղամարդկանց, կանանց եւ երեխաների աճյուններ, ինչպես նաեւ հռոմեական եւ անգլո-սաքսոնական թաղման սովորույթների վկայություններ:

Երբ Հռոմեական կայսրությունը նահանջել է Բրիտանիայից մ.թ. 5-րդ դարում, այնտեղ սկսել են գալ գերմանական ցեղեր, այդ թվում՝ անգլներ, սաքսեր, յուտեր եւ ֆրիզներ, ըստ Բրիտանական պատմական ասոցիացիայի:

Իշխանությունները դեռ չեն հրապարակում գերեզմանոցի ճշգրիտ վայրը, սակայն նշում են, որ այն հայտնաբերվել է այն բանից հետո, երբ մոտակայքում գտնվել են հռոմեական քարե շինություններ եւ որոշ վաղ անգլո-սաքսոնական կառույցներ:

Այժմ փորձագետների խումբը մնացորդները կթվագրի ըստ ածխածնի, որպեսզի որոշի ճշգրիտ ժամկետները, երբ գերեզմանատունն ակտիվորեն օգտագործվել է: Այլ թեստերը կարող են բացահայտել թաղվածների նախնիներին, նրանց սննդակարգը եւ այլ կարեւոր մանրամասներ: