«Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի»: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման առանցքում եղել է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացը:

ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում և շեշտել, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որևէ միակողմանի պարտավորություն և դիմել է այդ քայլին երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է ԵՄ հատուկ ներկայացուցչին, որ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրությունները, ապա հայկական կողմն առանց հապաղելու կձեռնարկի համապատասխան համարժեք քայլեր: